Հայաստանի Բանկերի Միություն
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ընդլայնում է խորհրդակցությունների շարքը մասնավոր հատվածի հետ
Կանաչ ֆինանսների կիրառումը խթանելուն միտված կանոնակարգող դաշտի և ֆինանսաբանկային կառույցների ներքին կարողությունների զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ է քննարկվել ՀՀ բանկերի, ոչ բանկային ֆինանսական հաստատությունների, ներդրումային հիմնադրամների և բիզնես հրեշտակների միավորումների մասնակցությամբ սեմինար-խորհրդակցության շրջանակում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։
Միջոցառման նպատակն էր քննարկել պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունները և բացահայտել մասնավոր հատվածի ներգրավվածության խոչընդոտները կլիմայի փոփոխության օրակարգի և, մասնավորապես, Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ (ԱՍԳ) գործընկերության պլանի իրականացման գործընթացներում։
Ողջույնի իր խոսքում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը ներկայացրել է կանաչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ ԿԲ քաղաքականության դիտակետերը։ Հ․ Ղահրամանյանի համոզմամբ՝ խորհրդակցությունը լրացուցիչ և կարևոր ներդրում է կանաչ ֆինանսների բարենպաստ կանոնակարգող դաշտի հետագա ձևավորման ուղղությամբ։
«Բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ հանրային-մասնավոր արդյունավետ երկխոսության իրականացումը կարևոր է քաղաքականության մշակման գործընթացում, մասնավորապես՝ վերջիններիս կողմից հետադարձ կապի ինտեգրման, ինչպես նաև կանաչ ծրագրերի ծավալների ընդլայնմանն ուղղված կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից, ինչն այս պահին առանցքային սահմանափակումներից է», - ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող տիկին Դիանա Հարությունյանը։
ՀՀ բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ իր ելույթում մասնավորապես նշել է․ «ՀՀ բանկային համակարգում արդեն իսկ էականորեն իրագործվել ու իրագործվում են կանաչ ֆինանսավորման ծրագրեր՝ հիմնված նորարարական լուծումների մրա։ Կանաչ ֆինանսավորման գործընթացների զարգացման նպատակով մշակվելիք պետական քաղաքականությունը պետք է ունենա առավել խթանող բնույթ, քան իմպերատիվ և սահմանափակումներ պարունակող մոտեցումներ։ Նման խթանիչ գործիքների սահմանման նպատակով, կարծում ենք, որ կարող է նպատակահարմար լինել կանաչ ֆինանսավորման ռազմավարության մշակումը»։
Մի շարք առևտրային բանկեր, ոչ բանկային ֆինանսական հաստատություններ ներկայացրել են նաև կանաչ ֆինանսավորման իրենց փորձը։
Մասնակիցները ողջունել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությունը՝ միտված երկխոսության հարթակի ձևավորմանը և շեշտել ընդհանուր միջավայրի բարելավման կարևորությունը, ինչը կարող է նպաստել կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման տիրույթներում մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ընդլայնմանը։
Սեմինար-խորհրդակցությունների շարքը շարունակվելու է առաջիկայում անցկացվող 3 կլոր-սեղան ձևաչափով՝ գյուղատնտեսական և ջրային ռեսուրսների ոլորտում գործող ընկերությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։
*********
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ անցկացվող «Մասնավոր հատվածի դերը ԱՍԳ Գործընկերության պլանի իրականացման գործընթացում» սեմինարների շարքն իրականացվում է «Ալֆա Փարթներս» ՍՊ ընկերության կողմից, որը մատուցում է կլիմայական ծրագրերի խորհրդատվական ծառայություններ։ ԱՍԳ գործընկերության պլանը միտված է համակարգել երկրի մակարդակով Փարիզյան համաձայնագրի իրականացումը՝ միջազգային իրականացնող մարմինների ներգրավման միջոցով։