Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Վիեննայում քննարկվեցին Հայաստանի բանկային համակարգի զարգացման նոր հորիզոնները

16.09.2025
Վիեննայում քննարկվեցին Հայաստանի բանկային համակարգի զարգացման նոր հորիզոնները

  Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ «Raiffeisen International» բանկային կորպորացիան Վիեննայում առաջին անգամ անցկացրեց «Հայկական բանկային օրեր» խորագիրը կրող միջոցառումը` նվիրված Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական ոլորտների համագործակցության խորացմանը։

  Միջոցառման շրջանակում կայացած աշխատանքային քննարկումներին հաջորդել է պաշտոնական ընդունելությունը, որին մասնակցել են Ավստրիայի էկոնոմիկայի, Էներգետիկայի և տուրիզմի դաշնային նախարարության, Եվրոպական և միջազգային գործերի Ավստրիայի նախարարության, Տնտեսական պալատի, Ավստրիական Զարգացման գործակալության ներկայացուցիչները և ՀՀ Կենտրոնական բանկի, ՀԲՄ, առևտրային բանկերի, ինչպես նաև ֆինանսական այլ կառույցների ղեկավարները։

  Երախտագիտություն հայտնելով Raiffeisen Bank International-ին՝ հյուրընկալության և Հայաստանի բանկային համակարգին ցուցաբերած գործընկերային աջակցության համար՝ Հայաստանի Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը փաստեց, որ կայացած քննարկումները կողմերին հնարավորություն տվեցին փոխանակվելու գաղափարներով, քննարկելու ոլորտի հրատապ մարտահրավերները և բացահայտելու համագործակցության նոր հորիզոնները։

  «Սա ևս մեկ առիթ է վերահաստատելու մեր համատեղ տեսլականը ապագայի համար։ Մենք հավատում ենք, որ երկխոսությունը չպետք է սահմանափակվի միայն պաշտոնական հանդիպումներով։ Այն պետք է դառնա շարունակական ավանդույթ։ Պարբերական շփումների և վստահության հիման վրա մենք կարող ենք նպաստել Հայաստանի ֆինանսական համակարգի երկարաժամկետ կայունությանն ու նորարարական զարգացմանը և դրա ինտեգրմանը համաեվրոպական ու գլոբալ հարթակներում»,-ընդգծել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։