Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միությունը՝ միջազգային օլիմպիադաների մասնակիցների կողքին

15.09.2025
Հայաստանի բանկերի միությունը՝ միջազգային օլիմպիադաների մասնակիցների կողքին

  Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի բանկերի միությունը հանդես է եկել կրթական աջակցության կարևոր նախաձեռնությամբ՝ աջակցություն տրամադրելով Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցին:

  Աջակցությունը միտված է խթանելու այն մասնագետների աշխատանքը, ովքեր մասնակցում են Հայաստանի թիմերի պատրաստմանը միջազգային առարկայական օլիմպիադաներին։ Այս քայլը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի ներկայությունը միջազգային կրթական մրցույթներում և աջակցել այն աշակերտներին, ովքեր իրենց գիտելիքներով ներկայացնում են երկիրը համաշխարհային հարթակում։

  «Նոր ուսումնական տարին բացվում է վստահության ու համագործակցության կարևոր ուղերձով։ Հայաստանի բանկերի միությունը կարևորում է կրթության դերը և ուրախ է լինել այդ ճանապարհի գործընկերը։ Մենք հավատում ենք՝ այսօր սատարելով տաղանդավոր երիտասարդներին, ներդրում ենք անում Հայաստանի ապագայի մեջ», – նշել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։

  Երևանի Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի բանկերի միությանը`շեշտելով, որ նման նախաձեռնությունները խթանում են կրթական գերազանցությունը, բարձրացնում են դպրոցի հեղինակությունն ու մղում նոր հաջողությունների։