Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Արբիտրաժային գործառույթներ և առանձնահատկություններ

03.06.2019
Արբիտրաժային գործառույթներ և առանձնահատկություններ

Հարցազրույց «Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ»
հիմնարկի ղեկավար Սմբատ Մելիքջանյանի հետ

- Փորձենք հակիրճ ներկայացնել, թե իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում արբիտրաժը:

- Նախ նշեմ, որ անկախ պետականության կառուցման ժամանա­կաշրջանում Հայաստանի տնտեսական իրողությունը պահանջում է ինտենսիվ կերպով ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն շուկայի ներառական և դինամիկ զարգացմանը: Այս առումով առևտրային արբիտրաժը կարող է դիտարկվել որպես զարգացած շուկայի բաղադրիչ, քանի որ այն նպաստում է մասնավոր անձանց միջև վեճերի արագ լուծմանը և առևտրային շրջանառության ակտիվացմանը:

Ի տարբերություն վեճերի լուծման այլընտրանքային այլ ձևերի՝ բանակ­ցություններ, հաշտարարություն և այլն, առևտրային արբիտրաժը վեճերի լուծման յուրահատուկ մեթոդ է: Արբիտրաժի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վեճի հանձնումն արբիտրաժին կատարվում է կողմերի ազատ կամքի հիման վրա արբիտրաժային համաձայնություն կնքելով, այսինքն՝ արբիտրաժային տրիբունալը կարող է քննել վեճ, եթե առկա է կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնություն: Վեճը հանձնելով արբիտրաժի լուծմանը, կողմերը բացառում են տվյալ վեճի լուծումը պետական դատարանների կողմից, այսինքն՝ արբիտրաժն այլընտրանք է պետական դատարանների նկատմամբ:

Ի տարբերություն պետական դատարանների, արբիտրաժը չի համարվում պետական դատական համակարգի մաս, այն վեճերի լուծման մասնավոր մեխանիզմ է:

Արբիտրաժը կամ արբիտրներին ընտրում են կողմերը՝ նրանց վստահելով իրենց միջև ծագած վեճի լուծումը:

Բացի այդ, արբիտրաժի դեպքում վեճի լուծման ընթացակարգը որոշում են կողմերը, ինչը պետական դատարաններում բավական բարդ է և խիստ կանոնակարգված:

Արբիտրաժի կայացրած վճիռները վերջնական են կողմերի համար, սակայն կողմերի էական իրավունքների պաշտպանության առումով գործող օրենսդրությամբ նախատեսված են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու հիմքեր:

- Խոսենք այն առանձնահատկությունների մասին, որոնցով արբիտրաժը տարբերվում է պետական դատարաններից:

- Նախ նշեմ, որ զարգացած իրավակարգ ունեցող երկրներում արբիտրաժի տարածված լինելը պայմանավորված է այն առավելություններով, որ արբիտրաժն ունի պետական դատարանների համեմատությամբ:

Առավելությունները շատ են և ես կնշեմ սոսկ դրանցից մի քանիսը:

Ի տարբերություն պետական դատարանների, արբիտրաժի վճիռները կատարվում են Նյու Յորքի 1958թ. կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում՝ առանց բարդ դատավարական ընթացակարգեր անցնելու:

Վեճերի արբիտրաժային քննության և արբիտրաժային վճիռների կայացման գործընթացում պետական դատարանների միջամտությունը սահմանափակ է: Գործող օրենսդրությամբ արբիտրաժը չի դիտարկվում որպես դատական համակարգին ենթակա ատյան և բացառությամբ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով նախա­տեսված սպառիչ հիմքերի, արբիտրաժի գործունեությանը ցանկացած այլ միջամտություն համարվում է ապօրինի:

Ի տարբերություն պետական դատարանների, արբիտրաժի դեպքում  կողմերն իրենք են ընտրում արբիտրներին և դրանով իսկ ապահովում վեճի անաչառ և իրավասու լուծումը:

Արբիտրաժի վճիռը վերջնական է և ի տարբերություն ծանրաբեռնված պետական դատարանների, դրանք կայացվում են սեղմ ժամկետներում: Օրինակի համար նշեմ, որ ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի կանոնակարգով վեճի լուծման համար սահմանված է առավելագույնը 30 օրյա ժամկետ:

Որպես կանոն ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանում վեճի քննությունն իրականացվում է գրավոր (փաստաթղթա­յին) ընթացակարգով, ինչը կողմերին հնարավո­րու­թյուն է տալիս խնայել միջոցներ և ժամանակ, քանի որ նրանք ստիպված չեն լինում ներկա­յա­նալ անընդհատ հետաձգվող դատական նիստերին և կատարել ծախսեր:

Ընդհանուր իրավասության դատարաններում դրամական պահանջներ պա­րու­նակող հայցադիմումներով պե­տա­կան տուրքը հաշվարկվում և գանձ­վում է յուրա­քանչյուր պահանջի համար առան­­ձին, մինչդեռ՝ ՀԲՄ ֆինան­սական արբիտրա­ժային դատա­րան դիմելու համար արբիտրա­ժային վճարը գանձվում է միայն մեկ պահանջի համար:

Ի տարբերություն պետական դատարանների, որտեղ դատարան տրվող հայցա­դիմումների համար պետական տուրքի չափը սահմանված է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, արբիտրաժային դատարանի կանոնակարգով գույքա­յին պահանջ­ների համար արբիտրաժային վճարը սահմանված է հայցագնի 1,5 տոկոսի չափով, սակայն ոչ ավել 1.500.000 դրամը և ոչ պակաս 25.000 դրամը, ինչպես նաև արբիտրաժն առանց վճիռ կայացնելու ավարտելու դեպքերի համար նախատեսված է արբիտրաժային վճարի մաս­նակի վերադարձ, որպիսի ընթացակարգ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախա­տես­ված չէ:

Առավելությունների մասին կարելի խոսել երկար, սահմանափակվենք այսքանով:

- Անդրադարձ կատարենք նաև Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանին:

- Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրա­ժային դատարանը ինքնուրույն, մշտապես գործող արբիտրաժային դատարան է: Այն ստեղծվել է 2010 թվականին և առ այսօր քննել է ավելի քան 11.000 գործ: Արբիտրաժա­յին դատարանն իր գործունեությունն իրականացնում է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրեն­քի, կանո­նակարգի, ՀՀ քաղաքացիական դատա­­վարության օրենսգրքի և այլ իրավական ակտերի հիման վրա:

Արբիտրաժային դատարանը հագեցած է անհրա­ժեշտ նյու­թա­կան բազայով, ավտո­մատացված ծրագրերով, արբիտրաժային դատարանում փաստաթղթաշրջանա­­ռու­թյու­նն իրակա­նաց­վում է բացառապես հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, այն ունի կադրային մեծ ներուժ: Նշեմ, որ, գործող արբիտրներն արհեստավարժ են, ունեն ֆինան­սական վեճերի լուծման զգալի փորձառություն, ինչպես նաև ֆինանսական  և իրավական ոլորտների գիտակներ են :

Արբիտրաժային դատարան հիմնականում դիմում են բանկերը և վարկային կազմակերխությունները, ինչպես նաև վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձինք: Թերևս, արբիտրաժային դատարան կարող է դիմել արբիտրա­ժային համաձայնության կողմ հանդիսացող ցանկացած անձ: Պրակտիկայում ունեցել ենք դեպքեր, երբ արբիտրաժային դատարան են դիմել ֆինանսական կառույցների հետ առնչություն չունեցող անձինք, որպիսի փաստը վկայում է Հայաստանում անձանց իրավագիտակցության բարձրացման և արբիտրաժի նկատմամբ վստահության ձևավորման մասին:

- Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում արբիտրաժի զարգացման առումով, որո՞նք են առաջիկայի ծրագրերն ու հիմնական առաջնահերթությունները:

- Արբիտրաժի հարաբերությունները կանոնակարգող օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչը նպաստավոր հիմք է արբիտրաժի զարգացման համար, իսկ մենք առաջիկայում ծրագրում ենք ներդնել և կիրառել փաստաթղթերի թվայնացման համակարգ, ինչը կողմերին հնարավորություն կտա ոչ միայն բոլոր փաստաթղթերն արբիտրաժային դատարան ուղարկել էլեկտրոնային եղանակով, այլև այդկերպ մշտադիտարկում իրականացնել արբիտրաժային գործի ողջ ընթացքի նկատմամբ:

 

Հարցազրույցը՝

                   Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայության