Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-ն միավորեցին բանկային և կառուցապատման ոլորտի մասնագետներին կանաչ կառույցներ ստեղծելու գաղափարի շուրջ

13.06.2024
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-ն միավորեցին բանկային և կառուցապատման ոլորտի մասնագետներին կանաչ կառույցներ ստեղծելու գաղափարի շուրջ

  Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։


  Ողջույնի խոսքում ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը նշեց, որ ժամանակի նոր մարտահրավերներին, թվային տրանսֆորմացիաներին զուգահեռ մենք կարող ենք փոփոխություն առաջարկող լինել և արդյունավետ ներդրումներ անել կանաչ կառույցները Հայաստանում ակտիվ գործիք դարձնելու համար:

  Բացման ելույթում ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանն անդրադարձավ կլիմայական փոփոխություններով պայմանավորված ֆինանսակայան կայունության տատանմանը և հղում անելով կանաչ կառույցներին՝ հույս հայտնեց, որ մեր տարածաշրջանում նույնպես շուտով կհայտնվեն էներգախնայող և կենսակայուն շենքեր։

  «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-յի կլիմայական ֆինանսավորման խորհրդատվության ղեկավար Անդրի Զարիպովը խոսեց գլոբալ կլիմայական թիրախներին հասնելու հարցում կանաչ կառույցների ազդեցության ուսումնասիրության ընդհանուր դրույթներից։ Իսկ Լատինական Ամերիկայից հրավիրված մասնագետներ Դեյվիդ Սեռնա Վալենսիան և Ելենա Ռաստեյը ներկայացրին տարածաշրջանի փորձը, շուկայում հետաքրքրությունների բազմազանությունը և կանաչ կառույցների համար ֆինանսական պրոդուկտ զարգացնելու քայլերը։

  Մասնագետներն ընդգծեցին, որ Հայաստանում արևային էներգիա ստեղծելու լայն հնարավորությունը էներգախնայողության ապահովման աշխատող մեխանիզմ կարող է ծառայել։ Անդրի Զարիպովը եղած օրինակներից ելնելով՝ հերքեց այն միֆը, թե կանաչ կառույցները անհասանելի են ֆինանսական տեսանկյունից․ սա, պարզապես, նոր չափանիշ է։ Բանախոսները նշեցին, որ, օրինակ, հարկերի նվազեցումը կարող է մեծապես նպաստել կանաչ կառույցների ավելացմանը, ինչն էլ իր հերթին մաքուր շրջակա միջավայր ունենալու նոր հորիզոններ կբացի։