Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միությունն ու EFPA միջազգային կառույցը մեկնարկեցին համագործակցության նոր փուլ

13.01.2026
Հայաստանի բանկերի միությունն ու EFPA միջազգային կառույցը մեկնարկեցին համագործակցության նոր փուլ

  EFPA–Հայաստան ծրագրի հերթական միջոցառման շրջանակում Հայաստանի բանկերի միության և EFPA-ի (Financial Planning Association) միջև ստորագրված հուշագրով մեկնարկեց նոր՝ EFPA մասնաճյուղի կառավարիչ միջազգային որակավորման ծրագիրը։

 Ծրագրի շրջանակում, ի լրումն ֆինանսական խորհրդատուների համար արդեն գործող ՝ EIA, EIP, EFA, EFP և ESG  միջազգային որակավորումների, ֆինանսաբանկային համակարգի աշխատակիցներն այսուհետ հնարավորություն կունենան ստանալու նաև Branch Manager միջազգային որակավորում։

  Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ինչպես նաև EFPA Europe-ի փոխնախագահ Պիտեր Ասմուսենը և EFPA Luxembourg-ի նախագահ Ռոջեր Հ. Հարթմանը։

 Իր ելույթում Դանիել Ազատյանն ընդգծեց միջազգային որակավորումների կարևորությունը ֆինանսական համակարգի կայուն զարգացման, մասնագիտական կարողությունների բարձրացման և հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, իր հերթին, կարևորեց ֆինանսական ոլորտում շարունակական մասնագիտական կրթության և միջազգային ստանդարտների ներդրման դերը։

  Միջոցառմանը ներկայացվեցին նաև EFPA–Հայաստան ծրագրի շրջանակում իրականացված որակավորումները և շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունները։ Ներկայացմամբ հանդես եկան ծրագրի համակարգող Զառա Բոստանջյանը և EFPA-ի ներկայացուցիչ Պատրիկ Լյուվալդորը։ EFPA միջազգային որակավորման դասընթացների կառուցվածքն ու փուլերը ներկայացրեց Երևանի բիզնես դպրոցի հիմնադիր Վահագն Ոսկանյանը։

  Միջոցառման ավարտին տեղի ունեցավ EFPA ծրագրի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը (European Investment Assistant և ESG Advisor որակավորումներ), որը ևս մեկ անգամ ընդգծեց ծրագրի գործնական արդյունքները և մասնագիտական համայնքի ձևավորման կարևորությունը։

  Հայաստանի բանկերի միությունն ու EFPA-ն վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական համակարգում միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների որակավորմանը և ոլորտի շարունակական զարգացմանը։