Հայաստանի Բանկերի Միություն
Համագործակցության նոր հեռանկարներ․ ՀԲՄ-ն և Արդարադատության ակադեմիան ստորագրեցին համագործակցության հուշագիր
Նպատակ ունենալով ներդնել մասնագիտական փորձն ու համատեղ ծրագրերի միջոցով նպաստել ֆինանսաբանկային ոլորտում մրցունակ աշխատաշուկայի զարգացմանը՝ Հայաստանի բանկերի միությունը համագործակցության հուշագիր է կնքել Արդարադատության ակադեմիայի հետ:
Երկու կառույցների փոխգործակցության լայն շրջանակ ենթադրող հուշագիրն այսօր ստորագրեցին ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։
Հուշագրի համաձայն՝ կիրականացվեն համատեղ ուսումնական ծրագրեր, վերլուծական-հետազոտական նախագծեր, կկազմակերպվեն համատեղ մասնագիտական քննարկումներ և միջոցառումներ, կհրապարակվեն ուսումնամեթոդական նյութեր։
Ներկայացնելով բանկերի միության գործունեության նպատակն ու հիմնական ուղղությունները ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը նշեց, որ վերջին շրջանում մեծ ուշադրություն է հատկացվում մասնավորապես բանկային համակարգում ուսուցման և որակավորման նոր ծրագրերի և ստանդարտների ներդրմանը։
«Ցանկացած համակարգի կայացման և զարգացման հարցում մեծ դեր ունի մասնագետների շարունակական ուսուցումն ու վերապատրաստումը։ Առանց ընթացիկ վերապատրաստման ու որակավորման բարձրացման, առանց նոր մեթոդների ու մոդելների ներդրման անհնար է հասնել հաջողության։ Վստահ եմ, որ Արդարադատության ակադեմիայի հետ աշխատելու համար առկա է բավականին մեծ ասպարեզ և համագործակցության շրջանակում կիրականացվեն արդյունավետ ծրագրեր»,-նշել է Դանիել Ազատյանը։
Ողջունելով ներկաներին՝ Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն անդրադարձավ նախկինում համատեղ կազմակերպված բազմաթիվ կարևոր միջոցառումներին, շնորհակալություն հայտնեց նման կարևոր նախաձեռնության առաջարկն ընդունելու համար՝ նշելով, որ համագործակցության եզրերը բազմաթիվ են և իրավաբանական հիմքի վրա դնելով համագործակցությունը մոտ ապագայում կարձանագրվեն է՛լ ավելի դրական արդյունքներ:
Հաստատված համագործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին և ծրագրերին կանդրադառնանք առաջիկայում։