Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ նախագահը մասնակցել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը մասնակցել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Ժողովի ընթացքում ներկայացվել են նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշները, որոնք արձանագրել են զգալի աճ՝ շնորհիվ նորարարական ծառայությունների ներդրմանը և պրոֆեսիոնալ լուծումների։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին, խորհրդի անդամներին և աշխատակիցներին նախորդ տարվա ընթացքում գրանցաված հաջողությունների առթիվ՝ Դանիել Ազատյանն ընդգծել է, որ բանկը տարիների ընթացքում պահպանել է իր մրցունակ դիրքը՝ համադրելով պահպանողական քաղաքականությունը և նորարարական լուծումների մշտական ներդրումը։
«Առողջ մրցակցային միջավայրը բանկային համակարգի կայունության երաշխավորն է։ Այդ միջավայրում Հայէկոնոմբանկը մշտապես ունեցել է իր կայուն տեղն ու դերը, ինչը պայմանավորված է մի շարք կարևոր գործոններով՝ անձնակազմի շարունակական մասնագիտական զարգացում և վերապատրաստում, ժամանակակից ֆինանսական գործիքների ներդրում, թվային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառում, հաճախորդակենտրոն քաղաքականության շարունակական զարգացում։ Այս ուղղություններով տարված հետևողական աշխատանքը հնարավորություն է տվել բանկին հասնել կայուն աճի, բարձրացնել վստահությունն ու ամրապնդել դիրքերը ֆինանսական ոլորտում՝ համապատասխանելով միջազգային չափանիշներին», — նշել է ՀԲՄ նախագահը։
Իր խոսքում Դանիել Ազատյանն անդրադարձել է նաև Հայաստանի բանկային համակարգի վերջին տասնամյակի գործունեությանը, մասնավորապես՝ համակարգի դիմակայունությանն ու կայունության պահպանմանը մարտահրավերների պայմաններում։
«Ռիսկերն ու մարտահրավերները միայն մեկ բանկի ուժերով հնարավոր չէ հաղթահարել։ Ուստի նման հարցերում պետք է լինի միասնություն, գիտելիքի, փորձի և միջազգային ստանդարտների ներդրում։ Այս տեսանկյունից շատ կարևոր է ԿԲ-ի և, թույլ տվեք նշել նաև, ՀԲՄ-ի դերը, որոնք կարողանում են արդյունավետ համագործակցել», — նշել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։

