Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

22.03.2023
Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

  Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

  ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ տեղի ունեցած տնտեսական ուղղվածության հասարակական կառույցների ղեկավարների հանդիպմանը՝ ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ձևավորման հնարավորությունն ու ձևաչափը քննարկելու օրակարգով։

  ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև մասնավոր-պետություն արդյունավետ երկխոսության կայացումը բազմաթիվ տնտեսական ուղղվածության հասարակական կառույցների գործունեության հիմնական նպատակներից են։
«Տնտեսությանն առնչվող հիմնահարցերի վերհանումը, քննարկումը, լուծումների մշակումն ու դրանց առաջմղումն առավել արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է ձևավորել գործարարության շահերը ներկայացնող հասարակական կառույցների միասնական հարթակ։ Վերջինս կմիավորի շահագրգիռ կառույցների փորձագիտական ներուժը, վերլուծական հզորությունը, թույլ կտա հարցադրումները դիտարկել տարբեր տեսանկյուններից, ձևավորել միասնական մոտեցումներ։ Պակաս կարևոր չէ այդ մոտեցումների միասնաբար առաջմղումը»,-նշել է Արսեն Ղազարյանը։

  Հանդիպման մասնակիցների միասնական համոզմամբ՝ նման հարթակի ստեղծման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։

  Ըստ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի՝ թեև ՀԿ-ներից յուրաքանչյուրն ունի ոլորտային իր առաջնահերթությունները, այդուհանդերձ, քիչ չեն նաև այն խնդիրները, որոնք համընդհանուր հետաքրքրության առարկա են՝ լինեն դրանք դատական համակարգին, ՀՀ աշխատանքային օրենսգրքին, հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող փոփոխություններին, թե գործարար մշակույթին առնչվող։ Նրա խոսքով՝ համանման շատ ուղղություններ կան, որոնց բարելավման աշխատանքներում պահանջվում են մեկտեղել ջանքերը։ Վերջինս կնպաստի նաև միջազգային կառույցների հետ համագործակցությանը։

  Միասնական հարթակի ձևավորման առնչությամբ իրենց դրական նկատառումներն են ներկայացրել նաև Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, ոլորտային միությունների և ՀԿ-ների ներկայացուցիչները։
Հանդիպման ավարտին որոշվել է մինչև հաջորդ հանդիպումը հավաքագրել ոլորտներում առկա ընդհանրական խնդիրները, ամբողջացնել տնտեսական ուղղվածության հասարակական կառույցների միասնական հարթակի կազմակերպչական ձևաչափը։