Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Tert.am-ի անդրադարձը ՀՀ առևտրային բանկերի կողմից առաջարկվող «վարկային արձակուրդին»

19.03.2020
Tert.am-ի անդրադարձը ՀՀ առևտրային բանկերի կողմից առաջարկվող «վարկային արձակուրդին»
Արտակարգ դրության պայմաններում բանկային համակարգի կայունության, ձեռնարկվող միջոցառումների եւ «վարկային արձակուրդի» վերաբերյալ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հարցազրույցը Tert.am-ին։

  «Վարկային արձակուրդի» ընթացքում հաշվեգրված տոկոսագումարները կհաշվարկվեն և կբաշխվեն մնացած ամիսների վրա:  Այս մասին Tert.am-ի հետ հետ զրույցում ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: Նա  անդրադարձավ  արտակարգ դրության պայմաններում բանկային համակարգի կայունությանը, վարկերի տոկոսադրույքների մարման երկարաձգմանը և նշեց, որ բանկերը ունեն բավարար «օդային բարձիկներ» դիմակայելու տնտեսությունում հնարավոր կանխատեսվող սցենարների զարգացումներին: «Թեև մի կողմից մուտքերը բանկային համակարգ ժամանակավորապես հետաձգվում են, բայց բանկերն ունեն բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի սպասարկեն բոլոր ավանդատուներին»,-ասաց նա:

 

-Ինչպե՞ս եք գնահատում բանկերի կայունությունը ներկայումս, ինչպես պահպանել կայունությունը արտակարգ իրավիճակում:

-Մշտապես կապի մեջ լինելով մեր բնակչության հետ՝ մենք բազմիցս տեղեկացրել ենք, որ բանկային համակարգն ի վիճակի է դիմակայել շոկային իրավիճակներին: Ավելին՝ այս օրերին բանկերն աջակցում են և «ձեռք են մեկնում» իրենց հաճախորդներին՝  տրամադրելով «վարկային արձակուրդ»: Արդյունքում, սահմանված ժամկետներում վարկերի մարման հետ կապված խնդիրներ ունեցող բանկի հաճախորդներին հնարավորություն է տրվում  առժամանակ չկատարել իրենց վարկերի հերթական մարումները` ներառյալ մայր գումարները և հաշվեգրված տոկոսները: «Վարկային արձակուրդի» ընթացքում հաշվեգրված տոկոսագումարները կհաշվարկվեն և կբաշխվեն մնացած ամիսների վրա: 

 

-Ի՞նչ դժվարություններ կունենան բանկերը արտակարգ դրության արդյունքում և, մասնավորապես, ինչպե՞ս կանդրադառնա վարկերի մարման սառեցումը:

-Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում, բանկերի բոլոր մասնաճյուղերում խստորեն պահպանվում են Առողջապահության նախարարության և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ցուցումներն ու սանիտարահիգիենիկ պահանջները՝ ապահովելով բանկ այցելող հաճախորդների և աշխատակիցների   անվտանգությունը: Այս հարցում մեր քաղաքացիներին կոչ ենք անում, և իրենց աջակցությունը կլինի նաև, եթե վճարումներ կատարելիս օգտվեն անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաև որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Ինչ վերաբերվում է վարկերի մարման հետաձգմանը, ապա դա կառավարելի գործընթաց է: Թեև մի կողմից մուտքերը բանկային համակարգ ժամանակավորապես հետաձգվում են, բայց բանկերն ունեն բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի սպասարկեն բոլոր ավանդատուներին: Յուրաքանչյուր բանկ վերլուծության և հաշվարկի արդյունքում է, որ որոշում է կայացրել հանդես գալ վճարների հետաձգման նախաձեռնությամբ: Միևնույն ժամանակ բոլոր այն հաճախորդներին, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն:

 

-Ընդդիմությունից հնչում են տեսակետներ, որ ոչ թե պետք է բանկերը անհատական մոտեցում ցուցաբերեն հաճախորդների նկատմամբ, այլ բոլորի վարկային պարտավորությունները հետաձգեն:

-Նախ ցանկանում եմ նշել, որ այս մոտեցումը վերաբերվում է հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ և հարակից բիզնեսների ոլորտներում գործող՝ բանկերի իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը: Այսինքն՝ անհրաժեշտ է գնահատել, այդյոք ֆինանսական իրավիճակի վատթարացումը պայմանավորված է համաճարակի ազդեցությամբ: Մյուս կողմից չեմ կարծում, որ բոլոր վարկառուները կցանկանան հետաձգել մարումները, քանի որ միևնույնն է պարտքի մնացորդի վրա է հաշվարկվում տոկոսադրույքը, հետևաբար այն անձինք, որոնք կարող են սպասարկել իրենց վարկերն ավելի նախընտրելի կլինի դրանք իրականացնեն սահմանված ժամանակացույցի համաձայն: Բացի այդ, ստեղծված իրավիճակը տարբեր հաճախորդների վրա  տարբեր չափի ազդեցություն է ունեցել, հետևաբար ճիշտ է անհատական մոտեցում ցուցաբերել:

 

-Հաշվի առնելով, որ տնտեսությունը նույն շարժը չի ունենա, հնարավո՞ր է բանկերը չդիմանան այդ պայմաններին:

-Բանկերը ռիսկեր կառավարող կառույցներ են, հետևաբար ունեն բավարար «օդային բարձիկներ»՝ դիմակայելու տնտեսությունում հնարավոր կանխատեսվող սցենարների զարգացումներին:  Բացի այդ, բանկային համակարգն ունի նշանակալի դեր և կարողություն, որպեսզի  իր պատասխանատու գործունեությամբ նպաստի տնտեսության բարելավմանը:

 

-Պետության կողմից ինչպիսի՞ միջամտության անհրաժեշտություն եք տեսնում:

-Պետք նշել, որ ՀՀ Կենտրոնական բանկն արդեն իսկ իրականացրել է մի շարք կարգավորումների փոփոխություններ, որոնք հնարավորություն տվեցին բանկերին ավելի լայնամասշտաբ միջոցառումներ իրականացնել վարկերի մարումների հետաձգումների մասով: Այլ միջամտությունների անհրաժեշտությունը կախված կլինի իրավիճակի հետագա հնարավոր զարգացումներից:

 

Tert.am

Հեղինակ` Լիանա Առաքելյան