Հայաստանի Բանկերի Միություն
Խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերն ունեն իրենց նշանակալի ներկայացվածությունը
Վերջերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվեց նախորդ տարվա առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ իրենց նշանակալի ներկայացվածությունն ունեն ՀՀ առևտրային 17 բանկերը՝ կազմելով ցանկում ընդգրկված կազմակերպությունների 1.7 %-ը:
1000 հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի մասով ՀՀ առևտրային բանկերից առաջին եռյակը 2018 թվականին զբաղեցրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 22-րդ, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն՝ 24-րդ և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ 31-րդ հորիզոնականներում (ամբողջական ցանկը՝ հավելված 1-ում):
Անհրաժեշտ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ հիշյալ բոլոր 1000 կազմակերպությունների ընդամենը հարկերը 2018 թվականին կազմել են 926.8 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի համեմատ ավելացել է 119 մլրդ ՀՀ դրամով կամ 14.8%-ով, իսկ միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել են 48.6 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.2%ը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8.1 մլրդ ՀՀ դրամով կամ 20%-ով:
Առավել ուշագրավ է, որ առևտրային բանկերի ընդամենը վճարված հարկերի միջինը 2018 թվականին կազմել է 2.858 մլրդ դրամ, որը գերազանցում է մնացած կազմակերպությունների կողմից մուծված հարկերի միջին ցուցանիշին՝ 893 մլն դրամ (գծապատկերը՝ հավելված 2-ում):
Հավելենք նաև, որ ուղղակի հարկերի՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների մուծումները 2018թ-ին կազմել են 314 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 61.8 մլրդ դրամով կամ 24.5%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2018 թվականին 2017 թվականի համեմատ ավելացել են 8.2 մլրդ դրամով կամ 22.8%-ով՝ կազմելով 44.2 մլրդ դրամ:
Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2018 թվականին կազմել է 2.588 մլրդ դրամ և մի քանի անգամ գերազանցել մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին, որը կազմել է 274 մլն դրամ:
Ամփոփելով ասվածը՝ հարկ է փաստել նաև, որ ուղղակի հարկերի հատվածում նախորդ տարի 12 առևտրային բանկեր գտնվել են առաջին 100 հարկատուների ցանկում:
Հայաստանի բանկերի միության
հանրային կապերի ծառայություն
Նմանատիպ նորություններ
2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով