Հայաստանի Բանկերի Միություն
2019թ. Հայաստանի 17 առևտրային բանկերը պետական բյուջե վճարել են 54,6 մլրդ դրամի հարկ
Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին:
Օրերս հրապարակված հերթական տեղեկատվության համաձայն՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմել է 1 061.2 մլրդ ՀՀ դրամ, որը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 122 մլրդ ՀՀ դրամով կամ 13%-ով, իսկ միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 54.6 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.1%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.9 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով: Ընդ որում 2018թ-ին բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 5.4%-ը: Ի դեպ, և՛ 2019թ-ին, և՛ 2018թ-ին բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում թվով կազմում են 1.7%, իսկ վճարված հարկերով համապատասխանաբար 5.1% և 5.4%:
1000 հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի մասով ՀՀ առևտրային բանկերից առաջին եռյակը 2019 թվականին զբաղեցրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 19-րդ, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն՝ 23-րդ և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն՝ 37-րդ հորիզոնականներում (ամբողջական ցանկը՝ կից աղյուսակում):
2019 թ. Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկը եղել է Ամերիաբանկը, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 8,56 մլրդ դրամի հարկ:
Հարկ ենք համարում ներկայացնել նաև ընդամենը հարկերի նկարագրողական վիճակագրությունը առևտրային բանկերի և մնացած կազմակերպությունների համար, առանձնացված տեսքով: Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2019թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում` 3 214 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 1 024 մլն դրամ: 2018թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 2 985 մլն դրամ, ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել էր 904 մլն դրամ:
Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019թ-ին կազմել է 337.7 մլրդ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 42.6 մլրդ դրամով կամ 12.7%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2019թ-ին 2018թ-ի համեմատ ավելացել է 6.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով՝ կազմելով 51.6 մլրդ դրամ: 2018թ-ին բանկերի գծով ուղղակի հարկերը կազմել էր 44.7 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 13.4%-ը: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում և՛ 2019թ-ին, և՛ 2018թ-ին 12 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-ակի ցուցակում: Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2019թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում` 3 035 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 332 մլն դրամ: 2018թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 2 631 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 295 մլն դրամ: