Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է 2022թ․ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթ

13.06.2022
Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է 2022թ․ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթ

  Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է 2022թ-ի «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։

  Մրցույթին կարող են մասնակցել  գիտական հոդվածների հեղինակները, լրագրողական համայնքի ներկայացուցիչները ու վերլուծաբան-հետազոտողները:

  Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը։

 

       Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2022թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաներով հրապարակված վերլուծական նյութեր, գիտական հոդվածներ և լրագրողական նյութեր։ Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:

 

       Ընտրություն

        Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`

 

  • Լավագույն գիտական հոդված
  • Լավագույն լրագրողական անդրադարձ
  • Լավագույն վերլուծություն

 

       Մրցութային աշխատանքներին ներկայացվող չափորոշիչներ

 

Լավագույն լրագրողական անդրադարձ

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։

 

Լավագույն վերլուծություն

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և թվային վերլուծություններ պարունակող մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ առցանց հարթակում։

 

Լավագույն գիտական հոդված

Նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող, գիտական նորույթ պարունակող և մաթեմատիկական կամ վիճակագրական մոդել ներառող հրապարակված գիտական հոդվածին ։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ – Բարձրագույն որակավորման հանձնաժաղով (bok.am))

 

  Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2023թ. առաջին եռամսյակում։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:

  Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ-ի դեկտեմբերի 26-ը։ Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել competition@uba.am էլ. փոստին։

  Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:

  Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ pr@uba.am էլեկտրոնային հասցեով։