Հայաստանի Բանկերի Միություն
Խնայած դրամը վաստակած դրամ է. այսօր նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը
97 տարի առաջ Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսի մասնակից պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցայի առաջարկով կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվեց խնայողությունների համաշխարհային օր, որը ՄԱԿ-ի հատուկ բանաձևով պաշտոնապես ընդունվեց 1989թ.-ին:
Հայաստանում խնայողությունների օրը սկսել է նշվել 2012թ-ից։ Օրվա խորհուրդն է հանրության շրջանում խթանել ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացը՝ բնակչությանն իրազեկելով վերջինիս կարևորության և խնայողությունների պահպանման ու ավելացման տարբեր միջոցների մասին:
Նմանօրինակ կայուն ու վստահելի միջոց են համարվում բանկային ավանդերը:
2021թ-ի 9 ամիսների ընթացքում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 145 մլրդ դրամով կամ 3.9%-ով՝ 2-րդ եռամսյակի համեմատ աճելով շուրջ 84 մլրդ դրամով կամ 2.2%-ով: Նշված ժամանակահատվածում ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 295 մլրդ դրամով կամ 11%-ով՝ 2-րդ եռամսյակի համեմատ աճելով 134 մլրդ դրամով կամ 4.7%-ով: Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 149 մլրդ դրամով կամ 14.4%-ով՝ 2-րդ եռամսյակի համեմատ նվազելով 48 մլրդ դրամով կամ 5.1%-ով:
Դրամով և արտարժույթով ավանդների մասով պետք է նկատել, որ դեռևս 2009թ. արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 73%, իսկ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի վերջի դրությամբ այն կազմել է 51%: Այստեղ երևում է այն միտումը, որ արտարժութային ավանդի մասնաբաժինն իր տեղն է զիջում դրամով ավանդներին: