Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ գործադիր տնօրենը մաստեր կլաս է անցկացրել Հայ-ռուսական համալսարանում

21.07.2023
ՀԲՄ գործադիր տնօրենը մաստեր կլաս է անցկացրել  Հայ-ռուսական համալսարանում

  Հայ-ռուսական համալսարանի և Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) միջև հաստատված համագործակցության շրջանակներում համալսարանի հրավերով ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մաստեր կլասով հանդես է եկել «Կառավարում» մասնագիտության ուսանողների համար:

  Ողջունելով լսարանին՝ Սեյրան Սարգսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի բանկերի միությունը շատ է կարևորում որակյալ, կրթված և արդի պայմաններում մրցունակ կադրերի պատրաստումը, ուստի և որդեգրել է համագործակցության քաղաքականություն ակադեմիական կառույցների հետ: Սեյրան Սարգսյանի հավաստմամբ, նման  վարպետության դասերը բավականին կարևոր են և ամրապնդում են ուսանողների՝ համալսարանում ստացած գիտելիքները:

  Այնուհետև ՀԲՄ գործադիր տնօրենը լսարանին ծանոթացրել է բանկային համակարգի կենսագործունեության շղթայի հետ և  հանդես եկել «Հայաստանի բանկային համակարգը թվերով» ծավալուն ելույթով՝ պրակտիկ օրինակներով անդրադառնալով բանկային գործունեության հիմնական ցուցանիշներին, բանկային էկոհամակարգի վրա ազդող գործոններին, մարտահրավերներին, համակարգի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև միջազգային համադրումներին:

  Առանձին անդրադարձ է կատարվել նաև բանկային համակարգը որպես հուսալի ու կայուն գործատու թեմային, համակարգում աշխատանքի անցնելու գրավչության և հեռանկարների հարցերին:

  «Մեր նպատակներից է մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման հարցում աջակցել և խթանել երիտասարդներին դեռևս ակադեմիական ուսուցման տարիներին: Մրցունակ բանկային համակարգի զարգացումը հնարավոր է միայն բարձր որակավորում ունեցող կադրերի առկայության դեպքում, ովքեր կկարողանան աշխատել նոր տեխնոլոգիական և ինֆորմացիոն միջավայրում: Ուստի Ձեր վաղվա  մասնագիտական հաջողությունների և կարիերայի լավագույն հիմքը դուք կարող եք և պետք է դնեք հիմա՝ զարգացնելով անհրաժեշտ անձնական հատկանիշներ և մասնագիտական հմտություններ»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրենը։

  Ունենալով բավականին ակտիվ ընթացք՝ դասախոսությունը եզրափակվել է հարց ու պատասխանով, ինչը փաստում է լսարանի՝ համակարգի գործունեության և մասնավորապես մատուցված նյութի նկատմամբ  հետաքրքրության մասին։