Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ-ն ամփոփեց լրագրողական մրցույթի արդյունքները և սեմինարների շարքը

16.04.2021
ՀԲՄ-ն ամփոփեց լրագրողական մրցույթի արդյունքները և սեմինարների շարքը

Հայաստանի բանկերի միության կազմակերպած հանդիսավոր միջոցառման շրջանակներում այսօր ամփոփվեցին նախորդ տարի հայտարարված «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը և տնտեսական լրագողների համար անցկացված սեմինարների շարքը:

  Արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթում ՀԲՄ կողմից առանձնացված հայտերը գնահատվել և հաղթողները որոշվել են ձևավորված հանձնաժողովի կողմից, որտեղ ներգրավված են եղել առևտրային բանկերի և ՀԲՄ ներկայացուցիչները:

  Ըստ այդմ, 2020թ. «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթում   «Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության լրագրող Արշալույս Մղդեսյանը:  «Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգի 2020թ. հաղթողը Հանրային ռադիոյի «Բիզնես բանաձև» հաղորդման հեղինակ Աստղիկ Փիլիպոսյանն է: «Լավագույն առցանց հոդված» անվանակարգում մրցանակը հանձնվեց «Հետք» լրատվական կայքի լրագրող Սեդա Հերգնյանին:

  Մրցութային անվանակարգերում հաղթող ճանաչված բոլոր լրագրողներին հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ:

  Կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների անցկացումը՝ Հայաստանի Բանկերի Միության նախագահ, Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը նշեց, որ նաև այս կերպ փորձ է արվում նպաստել հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը։

  «Հանրության շրջանում ֆինանսաբանկային ոլորտն առավել հասկանալի և ընկալելի դարձնելու գործում մեր կողմից մշտապես կարևորվել է համագործակցությունը նաև լրագրողական համայնքի հետ, քանզի հանրությունն առաջին հերթին իրենց միջոցով է իրազեկվում ոլորտային նորություններին և նրանց պրոֆեսիոնալ աշխատանքից է նաև կախված հանրության արձագանքը այս կամ այն փոփոխությանը։ Եվ որպեսզի մատուցվող լրագրողական նյութերը լինեն գրագետ ու ընկալելի, մենք նույնպես այս հարցում պետք է ունենանք մեր ներդրումը՝ հանդես գալով նմանօրինակ նախաձեռնություններով»,-նշեց Հայաստանի Բանկերի Միության նախագահ, Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը։

  ՀԲՄ գործադիր տնօրենն Սեյրան Սարգսյանը կարևորելով տնտեսության ոլորտը լուսաբանող լրագրողների հետ շարունակական համագործակցության ամրապնդումը նշեց, որ լրագրողական մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի վերաբերյալ անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանումը:

  Մրցանակաբաշխությանը հաջորդեց նաև Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ կազմակերպված սեմինարների շարքի մասնակից տնտեսական լրագրողներին հավաստագրեր հանձնելու արարողությունը:

  2020թ. օգոստոսից մեկնարկած և թվով 10 առանձին սեմինարներից բաղկացած այս նախաձեռնության շրջանակներում դասախոսություններով են հանդես եկել առևտրային բանկերի բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ:

  «Հատկանշական է, որ այս տարվա լրագրողական մրցույթի հաղթողներից երկուսը մասնակցել են նաև տարբեր տարիներին կազմակերպված սեմինարներին, ինչը մեզ թույլ է տալիս փաստել, որ սեմինարների միջոցով ստացված գիտելիքները մեր լրագրողները կիրառում են իրենց նյութերում»,-նշեց Հայաստանի Բանկերի Միության նախագահ, Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը։

  Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր խոսքում նշեց, որ ինչպես սեմինարների, այնպես էլ լրագրողական մրցույթի անցկացման նպատակը ֆինանսաբանկային համակարգի զարգացման միտումներն ու խնդիրները վերհանելն է և դրանք հանրությանը մատչելի և մասնագիտորեն մեկնաբանված ներկայացնելը:

  «Ուրախութամբ պետք է նշեմ, որ արդեն ավանդական դարձած լրագրողական մրցույթին ու սեմինարներին լրագրողական համայնքը մասնակցում է մեծ պատրաստակամությամբ։ Եվ անգամ նախորդ տարվա համաճարակային պայմաններում թեև հեռավար տարբերակով և որոշակի դադարներով, սակայն նախատեսված բոլոր սեմինարները կայացան։ Լրագրողական համայնքի դերն այսօր առավել քան երբևէ կարևոր է. նրանց կողմից ներկայացվող հավաստի հրապարակումներն օգնում ձևավորել ճիշտ սպասումներ ու վարքագիծ, ինչպես նաև կայացնել ճիշտ որոշումներ: Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել ՀԲՄ պատրաստակամությունը լրագրողական համայնքի և մասնավորապես՝ տնտեսական լրագրողների հետ   արդյունավետ և բազմակողմ համագործակցությունը սերտացնելու հարցում»,-ընդգծեց ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

  

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն