Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ նախաձեռնությամբ ուսանողների համար կազմակերպվել են բացօթյա դասախոսություններ

19.09.2019
ՀԲՄ նախաձեռնությամբ ուսանողների համար կազմակերպվել են բացօթյա դասախոսություններ

  Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով» ուսանողական դասընթացների շարքը:

  Դասընթացների մասնակիցներին ողջույնի և բացման խոսքով դիմել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ ընդգծելով, որ «ֆինանսական գրագիտությունը ֆինանսական գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և վերաբերմունքի համակցումն է, որն    անհրաժեշտ է անձնական ֆինանսների կառավարման գործում ճիշտ որոշումներ կայացնելու և բարեկեցություն ապահովելու  համար: Եվ առավել արդյունավետ է, որ այս ընկալումը մարդու մոտ առավել արմատավորվի դեռևս ուսանողական տարիքում»:

  Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների մասնակցությամբ Երևանի Անգլիական այգում կազմակերպված դասընթացների առաջին օրվա օրակարգում ներառվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանի դասախոսությունը՝ «Բանկը իմ առաջին 5 հավելվածների շարքում» թեմայով, ինչպես նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ - Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արկադի Փինաչյանի դասախոսությունը՝ պարտատոմսերի և բանկային ավանդի ընդհանրությունների ու առանձնահատկությունների վերաբերյալ:

  Հարկ է նշել, որ մասնակից ուսանողների և ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից մեծապես կարևորվել է ուսուցողական այս միջոցառումը, համարվել արդյունավետ ու նպատակային:

  Հայաստանի Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանն իր շնորհակալական խոսքն է հղել կազմակերպիչներին՝ Հայաստանի բանկերի միությանը և առևտրային բանկերին, հետաքրքիր և բովանդակալից միջոցառում իրականացնելու համար:

  Բանախոսները պատասխանել են նաև ուսանողների կողմից բարձրացված տարբեր հարցադրումներին և տրամադրել անհրաժեշտ պարզբանումներ:

  Հավելենք, որ առաջիկայում շարունակվելու են Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրով նախատեսված միջոցառումները:

 

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն