Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչների հետ հանդիպում բարձրագույն դատական խորհրդում

08.05.2019
Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչների հետ հանդիպում բարձրագույն դատական խորհրդում

Մայիսի 7-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր առարկայական քննարկել դատարան-բանկ արդարադատական գործընթացներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև ներկայացնել e-court համակարգի ներդրման մեխանիզմները։

  Հանդիպմանը մասնակցում էին Խորհրդի անդամները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Սնանկության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը, մեկ տասնյակից ավելի բանկերի ներկայացուցիչներ։

  Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր խոսքում նշեց, որ բանկերի ներկայացուցիչների հետ այս ձևաչափով առաջին հանդիպումը կողմնորոշիչ նշանակություն ունի՝ պրակտիկ փորձի առաջադրմամբ առանցքային շատ հարցերի լուծումը գործնական ուղի մղելու համար։

  Ներկայացվեցին վարչական արդարադատության ծախսատարության կրճատման, դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափման, օպերատիվության ապահովման նպատակով արդարադատական գործընթացների թվայնացման արդյունավետությունն ապահովող գործիքակազմերը։

  Նշվեց, որ մշակման փուլում է e-court համակարգը, և առաջիկայում նախատեսվում է մեկ դատարանում ներդնել պիլոտային ծրագիր «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։

  Կարևորվեց, որ թեստավորման արդյունքների հիման վրա և էլ-արդարատության փուլային լուծումների ճանապարհով գնալու պարագայում հնարավոր կլինի ոչ միայն կրճատել բանկերի ծախսերը, թեթևացնել պետական ծախսերը, բանկ-դատարան հարաբերություններում նվազագույնի հասցնել սուբյեկտիվ գործոնը, այլև ապահովել այդ հարաբերությունների թափանցիկությունն ու գործունեության արդյունավետությունը։ Այս ուղղությամբ ևս Բարձրագույն դատական խորհրդում մշակվում է մի հայեցակարգ, որով բոլոր դատարաններում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, երբ ցանկացած շահառու իրեն անհրաժեշտ տեղեկությունը կկարողանա ստանալ մեկ պատասխանատու անձից։

  Ներկաների միջև ծավալվեց հետաքրքիր քննարկում, հնչեցին գործնական և կառուցողական երկկողմ առաջարկներ։

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի

և հասարակայնության հետ կապերի ծառայություն