Հայաստանի Բանկերի Միություն
Նոր Տարում անկեղծացավ բանկերի միության նախագահը
Նոր Տարին լի է անակնկալներով։ Արձակուրդների վերջին օրը հունվարի 7-ին չնախատեսված և ոչ ստանդարտ զրույց ունեցա Բանկերի Միության նախագահ Մհեր ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ։
-Բոլորը Նոր Տարվա հրաշքին են սպասում՝ Դուք որպես երկար տարիների փորձ ունեցող բանկիր, բանկերի միության նախագահ, ով լավ ճանաչում է բանկիրներին՝ ի՞նչ եք կարծում, բանկիրները հրաշքին հավատում են, թե ոչ և ի՞նչ հրաշքի են սպասում։
-Ոչ ոք ինձ նման հարց չէր տվել։ Փորձեմ փիլիսոփայորեն պատասխանել։
-Փորձեք թեթև պատասխանել՝ եթե ծանրացնեք պատասխանը, այն թեթևացնելու եմ։
- Հիմնականում բանկիրները իրենց բնույթով պրագմատիկ են, եթե այդպիսին չլինեն վտանգավոր կլիներ իրենց գործունեության համար։ Միևնույն ժամանակ բանկիրները բնականաբար սովորական մարդիկ են և հավատում են հրաշքներին։ Եթե հիմա փորձեմ որպես բանկիր ներկայացնեմ հրաշք, երազանք ասվածը․․․
- Ապա սպասում եք, որ բոլորը գան վարկ վերցնեն։
- Ավելի շուտ սպասում ենք, որ բոլոր վարկառուները իրենց վարկերը հետ վերադարձնեն։ Վարկ տրամադրելը հեշտ է, սակայն հետ վերադարձը․․․ Այնպես որ ցանկանանք, որ բոլոր վարկառուները ժամանակին կարողանան մարել իրենց վարկերը և մենք, մեր հաճախորդներին կարողանանք նոր ծառայություններ մատուցել։
- Փաստորեն բանկիրների երազանքը ինչքան էլ թռիչքային լինի ֆինանասներից այն կողմ չի անցնում։
- Ոչ, ոչ ճիշտ չհասկացաք։ Խոսեցի աշխատանքային, մասնագիտական ֆանտազիայից։
- Իսկ եթե այն աշխատանքային չէ՞։
-Իսկ եթե որպես սովորական մահկանացու․․․ Բանկիրը ևս մարդ է և նրա ֆանտազիան ևս անսահման է՝ որի մեջ կաևոր մաս է կազմում երկրի զարգացումը։ Մեզ պետք է այնպիսի երկիր ունենալ, որ մեր երեխաները ուզենան ապրել միմիայն մեր երկրում։ Դրա համար առաջին հերթին ցանկանում եմ, որ լինի խաղաղություն, մեր երկիրը զարգանա կայուն տեմպերով և այդ զարգացումը վերաբերվի բոլոր ոլորտներին։
- Ի՞նչ է Ձեզ համար Նոր Տարին։
- Ամենակարևոր առանցքային տոներից է, որ վերանայում ես անցած ժամանակը իր դրական և բացասական դրսևորումներով։ Կյանքը ինքնին դրանով էլ հետաքրքիր է։ Իհարկե միշտ չէ որ դրականը մեծամասնություն է կազմում, սակայն կյանքի հետաքրքրությունը հենց դրանում է, որ տարբեր ժամանակահատվածներում առաջացած խնդիրները փորձում ես լուծել և լուծում ես։ Նոր Տարվա վերլուծությունը թուլ է տալիս կրկին վերապրել անցած ժամանակը։
-Եվ տարվա մեջ Դուք ավելի շատ բարի՞ եք եղել, թե՞ չար։
-Ընդհանուր առմամբ ես ինձ ավելի բարի մարդ եմ համարում քան չար։ Թեև ժամանակ առ ժամանակ աշխատանքային բնույթից ելնելով որոշակի խստություններ եղել են, բայց չեմ կարծում, որ թույլատրելի սահմանը անցել եմ։
-Դե դա Ձեր կարծիքն է։
-Ճիշտ եք, ավելի լավ կլինի որ դրա մասին ուրիշները խոսեն։
-Եթե Դուք բանկերի միության նախագահ լինելով լինեիք նաև ձմեռ պապ, ի՞նչ նվեր կտաիք ժողովրդին՝ վարկերի տոկոսադրույքները կիջեցնեի՞ք։
-Տոկոսադրույքներին ձեռք չէի տա, ավելի շուտ էլ ավելի կմեծացնեի մարդկանց եկամուտները ։ Իրականում տոկոսների նվազման հարցը երկու կողմ ունի։ Մի կողմից վարկառունների համար դա լավ է, մյուս կողմից ավանդատուների համար ոչ ցանկալի՝ նվազում է նրանց եկամուտները։ Այնպես որ բալանսը պետք է պահել։ Իսկ երբ ավելանում է մարդկանց եկամուտները մարդիկ ավելի ապահով և արժանապատիվ են իրենց զգում։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ