Հայաստանի Բանկերի Միություն
«Հորդորում ենք զերծ մնալ անբարեխիղճ և քրեորեն պատժելի վարքագիծ դրսևորելուց». ՀԲՄ
Վարկային պարտավորությունների պարտաճանաչ կատարումը հավասարապես կարևոր է թե՛ բանկի, և թե՛ վարկառուի համար։ Եթե վերջինիս համար դա դրական վարկային պատմություն ձևավորելու և հետագայում կրկին վարկավորվելու հնարավորության երաշխիք է, ապա բանկի համար ի թիվս այլ գործոնների՝ նաև համակարգի կայունության և զարգացման չափանիշ։
Անշուշտ, հնարավոր չէ բացառել դեպքերը, երբ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հաճախորդը կարող է բախվել ֆինանսական դժվարությունների, ինչի հետևանքով խնդիրներ առաջանան վարկի սպասարկման հետ կապված։ Սովորաբար նման դեպքերում բանկի կողմից դիտարկվում են հաճախորդին աջակցելու հնարավոր տարբերակներ և փորձ է արվում գտնել հնարավոր լուծում՝ բարեխիղճ և պարտաճանաչ վարկառու հաճախորդի համար։
Սակայն միանգամայն անընդունելի և դատապարտելի են այն դեպքերը, երբ բանկի վարկառու վճարունակ հաճախորդները փորձում են միտումնավոր ու հանցավոր կերպով խուսափել իրենց վարկային պարտավորությունների կատարումից՝ զեղծարար նպատակներով «օգտվելով» օրենսդրությամբ նախատեսված որոշ կարգավորումներից։
Նման անբարեխիղճ վարքագծի դրսևորումներին համակարգը, ցավոք, առիթ ունեցել է առնչվել, երբ անձը վարկավորվել է ՀՀ տարածքում գործող մի շարք առևտրային բանկերի կողմից, այնուհետ վարկային պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով՝ նախ կանխամտածված «ազատվել» է իր անունով ձևակերպված գույքից կամ վերաձևակերպել այլ անձանց անունով, այնուհետև դիմել է կեղծ սնանկության։
Նման քայլով անձը, գուցե, ժամանակավոր հետաձգում է խնդրի հանգուցալուծումը, չգիտակցելով սակայն, որ մեծացնում է իր պարտավորության բեռը և որակվում որպես անբարեխիղճ հաճախորդ: Նման դեպքերի առկայությունն առաջացնում է նաև համակարգային հետևանքներ, որոնք ազդում են պարտաճանաչ և բարեխիղճ հաճախորդների վարկավորման պայմանների վրա։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշյալ դեպքերը կանխելու նպատակով տարվում է խորքային մշտադիտարկում և հաստատված դեպքերին տրվում է համապատասխան արձագանք՝ ընդհուպ մինչև քրեական գործի հարուցում։
Կարևորելով փոխադարձ վստահության վրա հիմնված և արդեն կայացած բանկ – հաճախորդ հարաբերությունները` հավաստիացնում ենք, որ շարունակաբար մեր ջանքերն ուղղելու ենք այդ հարաբերությունների զարգացմանն ու բարելավմանը և վստահեցնում, որ անբարեխիղճ և քրեորեն պատժելի վարքագծի դրսևորումները բոլոր իմաստներով անհեռատես են ու աննպատակահարմար։
Համակարգում նմանօրինակ դեպքերով պայմանավորված ռիսկերի նվազումը կբերի վարկավորման պայմանների բարելավմանն ու ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացմանը: