Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի գլոբալ մրցունակության գնահատականներում բարելավվել են ֆինանսա-բանկային ցուցանիշները

08.02.2019
Հայաստանի գլոբալ մրցունակության գնահատականներում բարելավվել են ֆինանսա-բանկային ցուցանիշները

   Ինչպես հայտնի է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից  պարբերաբար հրապարակվում է աշխարհի շուրջ 137 երկրների համաշխարհային մրցունակության զեկույցը:
 Հարկ է նշել, որ հիշյալ զեկույցի հիմքում դրվում են Գլոբալ մրցունակության ինդեքսի (ԳՄԻ) 12 հիմնական ուղղություններում խմբավորված ավելի քան 100 ցուցանիշներ, որոնց շրջանակներում առանձնահատուկ տեղ է հատկացվում  ֆինան­սական շուկայի զարգացվածության արդյունքներին:

  Առավել հատկանշական է այն հանգամանքը, որ համաշխարհային մրցունակության ինդեքսում 2017-2018թթ. Հայաստանն իր դիրքերը, ի թիվս հանրային կյանքի այլ ոլորտների, բարելավել է նաև «Ֆինանսական շուկայի զարգացվածություն» հատվածում՝ նախորդ զեկույցի 90-րդ հորիզոնականից տեղափոխվելով 78-րդ հորիզոնական:
  Այս ցուցանիշի բարելավմանը նպաստել են մի շարք ենթաուղղություններում գրանցված դրական զարգացումները, մասնավորապես՝ «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» հատվածում մեր երկրի դիրքը նախորդ  99-րդ հորիզոնականից  տեղափոխվել է դեպի 96-րդ հորիզոնական,  «Վարկերի մատչելիություն՝ միայն բիզնես պլանով և առանց գրավի» չափորոշիչում ունենք 6 սանդղակի չափով բարելավում և նախորդ 71-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցված է 65-րդ հորիզոնականը:
  Ուշագրավ է, որ ներկայացվող հատվածում զգալի բարելավում է արձանագրվել նաև ֆինանսա-բանկային համակարգի նկատմամբ վստահելիության բաղադրիչում, ըստ որի բանկերի հուսալիության առումով մեր երկրի դիրքը նախորդ 80-րդ տեղից տեխափոխվել է դեպի 75-րդ տեղ, իսկ արժեթղթերի շրջանառության կարգավորումների ասպարեզում 85-րդ հորիզոնականից անցում է կատարվել դեպի 79-րդ հորիզոնականը:
  Գլոբալ մրցունակության գնահատականների բարելավումների շարքում առկա է նաև մեկ նշանակալի դիտարկում, ըստ որի օրենսդրական իրավունքների ինդեքսում մեր երկիրը զբաղեցրել է աննախադեպ բարեհաջող դիրք՝ նախորդ 68-րդ հորիզոնականի փոխարեն այժմ լինելով 30-րդը: Եվ բոլոր վերլուծությունների տրամաբանությունը հուշում է, որ օրենսդրական դաշտի ու  ֆինանսական հատվածի ցուցանիշների բարելավումներում առկա է փոխգործակցություն. օրենսդրական բարեփոխումները՝ դատական վեճերի կրճատումները, իրավական ոլորտի գործունեության արդյունավետության բարձրացումը, հանգեցնում են երկրի ֆինանսա-բանկային համակարգի մրցունակության գնահատականի ակնհայտ բարձրացմանը:

 

Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն