Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Շարունակվել է ուսանողական բացօթյա դասընթացների շարքը

20.09.2019
Շարունակվել է ուսանողական բացօթյա  դասընթացների շարքը

   Երևանի Անգլիական այգում այսօր շարունակվել են Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում մեկնարկած «Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով» ուսանողական դասընթացները:

   Մասնակից ուսանողներին ողջույնի խոսքով դիմել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ նշելով, որ «Հատկապես ուսանողների համար ֆինանսական գրագիտությունն իրականությունը վերափոխելու իրական հնարավորություն է: Եվ ահա այս նպատակային շեշտադրումն էլ դրված է Հայաստանի բանկերի միության  կողմից իրականացվող այդ ընդգրկուն ծրագրի հիմքում, որը ողջ տարվա ընթացքում ուղեկցվելու է բազմազան միջոցառումներով և նախաձեռնություններով՝ հիմքում ունենալով Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության դրույթները»:

   Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների մասնակցությամբ կազմակերպված ուսուցողական այս միջոցառման երկրորդ օրվա օրակարգում ներառվել են  «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ի թվային ուղիներով վաճառքների բաժնի ղեկավար Հրաչյա Պապիկյանի և մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի դասախոսությունը վճարային քարտերի և դրանց կիրառելիության մանրամասների վերաբերյալ, ինչպես նաև  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանի դասախոսությունը «Ի՞նչ է հեռահար բանկինգը» թեմայով:

   Մասնակիցները բարձ են գնահատել իրականացվող ծրագրի արդյունավետությունը և ընդգծել, որ բացօթյա այս դասընթացների գաղափարն ու թեմաների ընտրությունը մեծագույն հետաքրքրությամբ և ոգևորությամբ են ընդունվել ուսանողների կողմից:

   Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրի շրջանակներում առաջիկայում կազմակերպվելու են այլ բնույթի միջոցառումներ ևս: