Հայաստանի Բանկերի Միություն
Կայացել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստը
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստին, որի կազմում ՀԲՄ-ն ընդգրկվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու Կառավարության որոշման համաձայն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը և մշակված օրենսդրական փաթեթներին, մասնավորապես՝ Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության բարեփոխումներին, ինչպես նաև ներկայացվել են էլեկտրոնային արդարադատության ու էլեկտրոնային դատարան հարթակների միջոցով ծառայությունների մատուցման, e-draft հարթակի արդիականացման, էլեկտրոնային հաշտարարի համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել նաև դեռևս մայիս ամսին հիմնված Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի և միջազգային մասնագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողովի գործունեությանը:
Հանդիպման ընթացքում կարևորվել են իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ընդգծվել դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը:
Քննարկման շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրենը ներկայացրել է դիտարկումներ և առաջարկներ ներկայացված ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ:
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ Կառավարություն