Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Արցախի երեխաների ամառային հանգստի կազմակերպում (տեսանյութ)

06.08.2019
Արցախի երեխաների ամառային հանգստի կազմակերպում  (տեսանյութ)

   Արդեն չորրորդ  տարին անընդմեջ իրականացվում է Արցախի Հանրապետության  բոլոր վարչական շրջանների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրը՝ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ և առևտրային բանկերի աջակցությամբ:

   Այս տարի երեխաների հանգստի համար ընտրվել էր Լոռու մարզի «Գուգարք» ճամբարը, որտեղ իրենց ամառային հանգիստն էին վայելում մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների 10-15 տարեկան 70 դպրոցականներ:

   Արցախցի երեխաները ճամբար էին ժամանել 2019 թվականի հուլիսի 20-ին, որտեղ էլ անց են կացրել մարզամշակութային տարբեր միջոցառումներով ու իրադարձություններով հագեցած տասն օրեր:         

  Պատանի ճամբարականներին այցելել են Հայաստանի բանկերի միության աշխատակիցները՝ ճամբարի կողմից կազմակերպված գեղարվեստական միջոցառումներին համադրելով ֆինանսական գրագիտությանն ուղղված մի շարք նախաձեռնություններ:

  Ճամբարային հանգստի օրերի ընթացքում Արցախի Հանրապետության պատանի քաղաքացիներին այցելել են նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ու Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչները:

   Ակնհայտ է, որ դպրոցականների շրջանում մեծապես կարևորվում է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, որը հանգստի հնարավորություններից բացի ընձեռում է նաև հայրենաճանաչության, Հայաստանի և սփյուռքի իրենց հասակակիցների հետ շփման, հետագա համագործակցության լավագույն հնարավորություններ:

  Երեխաներն իրենց ակտիվ հանգստի օրերին ուղևորվել են դեպի Դսեղ, մեծն վարպետ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Երեխաների համար հիշարժան է դարձել նաև արևածագը մոմավառությամբ դիմավորելու արարողությունը՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հնչյունների ներքո:

   Բացառիկ հետաքրքիր տպավորություններով լեցուն ճամբարական օրերի հուշերից բացի Արցախի երեխաներն իրենց բնակավայրեր կվերադառնան նաև Հայաստանի բանկերի միության կողմից տրամադրված հուշանվերներով, որոնք նրանց անհրաժեշտ կլինեն նոր ուսումնական տարին պատշաճ սկսելու համար: