Հայաստանի Բանկերի Միություն
Բանկային համակարգի արդի մարտահրավերներն ու զարգացման նոր հեռանկարները․ կայացավ BANKING FORUM 2024-ը
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կայացավ «Տարածաշրջանային մարտահրավերներն ու հնարավորությունները եվրոպական բանկերի հետ համագործակցության շրջանակներում» խորագրով BANKING FORUM 2024-ը։
Ֆորումի հիմնական նպատակն էր մեկ հարկի տակ հավաքել տարածաշրջանային և եվրոպական կառույցներին՝ քննարկելու բանկային համակարգի երկու առանցքային մարտահրավերները՝ համապատասխանության ապահովումն (Compliance) ու ESG-ի (Environmental, Social and Governance)`բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման չափորոշիչների ներդրումն ու դրանց արդի մոտեցումները։
Ողջույնի խոսքում ՀՄԲ նախագահ Դանիել Ազատյանը մասնավորապես նշեց, որ նման ձևաչափով ֆորումների անցկացումն ու միջազգային ֆինանսական կառույցների հետ երկխոսությունն օգնում են, որպեսզի միմյանց հասկանալի և ընդունելի եղանակներով ներկայացվեն սեփական փորձը, գրանցված հաջողություններն ու հետագա անելիքները:
«Ժամանակակից աշխարհում ֆինանսական հաստատությունները կրում են տնտեսական և քաղաքական անորոշությունների, փոփոխվող շուկաների, արագ զարգացող տեխնոլոգիաների և նոր կարգավորիչ պահանջների ազդեցությունը։ Ըստ այդմ, ռիսկերի կառավարումը բանկային ոլորտում այլևս համարվում է գործունեության մշակույթ։
Տարբեր երկրների կարգավորիչ մարմինները և միջազգային ֆինանսական կառույցները խստացնում են համապատասխանության պահանջները, ինչը բանկերին ստիպում է ներդնել ավելի առաջադեմ մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն գործարքների օրինականությունը և թափանցիկությունը։ Ինչ վերաբերվում է բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման չափորոշիչներին, ապա ժամանակակից բանկային գործունեություն իրականացնելու համար այս չափորոշիչների ներդրումը խիստ կարևորվում է թե միջազգային կառույցների, և մի շարք երկրներում, արդեն կարգավորիչ մարմինների համար»,-ընդգծել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը՝ համոզմունք հայտնելով, որ ֆորումի անցկացումը հնարավորություն կտա միասին ուսումնասիրելու արդի մարտահրավերները, գտնելու նորարարական լուծումներ, որոնք կապահովեն ժամանակակից միջազգային պահանջների ներդրումը բանկերում և կնպաստեն համակարգի կայուն զարգացմանը:
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր խոսքում փաստեց, որ արագ փոփոխվող աշխարհում բազմազան են արագ ծագող և վերափոխվող մարտահրավերները, ինչն իր հերթին պահանջում է ժամանակին ու բովանդակային արձագանքներ:
«Ֆինանսական կայունության առումով նշեմ, որ վերջին տարիներին մենք զգալի բարելավել ենք համակարգի դիմադրողականությունը։ Մեր վարած քաղաքականությունն ուղղված է եղել նախորդ տարիների դրական արդյունքների ամրապնդմանը և ապագա հնարավոր ռիսկերի համար պաշարների ձևավորմանը: Հայաստանի բանկային համակարգը վերջին տարիներին մեծ ձևափոխություններ է ապրել: Հատկապես դա վերաբերում է ռիսկերի կառավարմանը և համապատասխանությանը։ Միայն վերջին երեք տարվա ընթացքում բանկերում համապատասխանության աշխատակիցների թվաքանակն աճել է գրեթե կրկնակի: Մյուս միտումը, որը Կենտրոնական բանկը կարևորում է և սկսել է ուշադրություն դարձնել, դա բնապահպանական, սոցիալական և ղեկավարման պատասխանատվության կառավարումն է: Ֆինանսական համակարգի համար նախատեսում ենք ստեղծել անհրաժեշտ պայմանները և պահանջները՝ նրանց համար հստակ խաղի դաշտ և կանոններ սահմանելու համար։
Եվս մեկ այլ կարևոր ուղղություն է առևտրային բանկերի կորպորոտիվ կառավարման ստանդարտների ուժեղացումը, ինչը կարծում ենք բանկային համակարգի կայունության և մրցունակության երկարաժամկետ երաշխիքներից է»,-նշել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Banking Forum 2024-ի շրջանակում ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելին և Վրաստանի Բանկային Ասոցիացիայի ESG/Կայուն ֆինանսավորման հարցերով համակարգող Լևան Գոգոլաձեն։ Բանախոսների փոխանցմամբ՝ միջազգային փորձը կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է հաջողությամբ ներդնել ESG չափանիշները՝ ապահովելու համար երկարաժամկետ կայունություն և միջազգային գործընկերների վստահություն։
Ֆորումի շրջանակում ներկայացվեց նաև Հայաստանի բանկային համակարգը, քննարկվեցին ոլորտի օրակարգային ռիսկերը, զարգացման ուղիներն ու մարտահրավերները։ Ներկայացվեց նաև Վրաստանի բանկային համակարգը, մասնավորապես՝ ESG-ի՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման չափորոշիչների ներդրման մասով կատարված աշխատանքները։
BANKING FORUM 2024 ֆորումի շրջանակում օրակարգային հարցերի վերաբերյալ անցկացվեցին նաև հագեցած պանելային քննարկումներ։ Ներկայացվեց նաև Open banking-ի մասով Վրաստանի փորձը։
Հավելենք, որ միջոցառմանը մասնակցում են ինչպես տեղական և միջազգային ֆինանսական կառույցների, այնպես էլ հրավիրյալ այլ գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։