Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Արտակարգ դրության ընթացքում բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերի ամփոփում

22.09.2020
Արտակարգ դրության ընթացքում բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերի ամփոփում

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտի կապակցությամբ ՀԲՄ ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ բանկային համակարգի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

  Վերջիններս ներկայացնում ենք հետևյալ խմբավորմամբ՝

  • Վարկային արձակուրդներ, վարկային պայմանագրերի պայմանների վերանայում:
  • Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին:
  • Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր:

  Հիշեցնենք, որ 2020թ․ մարտից բանկային համակարգն առաջիններից էր, որ սեփական նախաձեռնությամբ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։

  ԿԲ-ի և առևտրային բանկերի համագործակցության արդյունքում ձևավորվեցին մեխանիզմներ և կարգավորումներ, որոնց կիրառումը հնարավորություն տվեց անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։

Վարկային արձակուրդներ

  Մարտ-մայիս ամիսների ընթացքում առևտրային բոլոր բանկերը տրամադրեցին վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայեցին կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուների գործող վարկերի պայմանները: 

  Հաշվետու ժամանակահատվածում վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր, հետաձգվել է 100 մլրդ դրամի մուտքը բանկային համակարգ: Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը:

Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին

  Վարկերի վերանայման նախաձեռնությանը զուգահեռ բանկերը միացան նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով ՀՀ առևտրային բանկերը բավարարել են 25885 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 119 մլրդ դրամ գումար։

  Հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին հումքի, սարքավորումների ձեռքբերման, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի վճարման համար, բավարարվել է 1209 վարկային հայտ՝ շուրջ 76.5 մլրդ դրամի չափով: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 24676 վարկային հայտ՝ 43.1 մլրդ դրամի չափով։

Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր

            COVID-19-ի դեմ պայքարի համար հաշվետու ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերն իրականացրեցին նաև աջակցության մի շարք այլ ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 260 մլն դրամ։

ֆինանսավորված և իրականացված ծրագրերն ըստ ուղղությունների

  • Բժշկական անձնակազմի խրախուսման, անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման նպատակով տրամադրվել է 197 մլն 235 հազար դրամ Կենտրոնական գանձապետարանում բացված հաշվեհամարին և ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցումներ կատարելու միջոցով:
  •  Տարեցներին և խոցելի խմբերին տրամադրվել է 29 մլն դրամ սոցիալական աջակցություն։ Այդ թվում՝ սոցիալական աջակցության ծրագրերի շահառու է դարձել Տավուշի մարզի 9 համայնքների 72 ընտանիք: Գումար է նվիրաբերվել նաև  Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որը, հաշվի առնելով Հայաստանի առավել խոցելի խմբերի խիստ հրատապ մարդասիրական կարիքները, ձեռնարկել է միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ դրանք բավարարելու ուղղությամբ: Բացի այդ տարբեր բանկեր իրենց հաճախորդ տարեցների համար ձեռք են բերել պարենային ապրանքներ, տրամադրել են դրամական օգնություն:
  • ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք ավտոբուսներով կազմակերպելու նպատակով տրամադրվել է 1,740,000 ՀՀ դրամ:
  • Համավարակի բռնկման ընթացքում և դրանից հետո հեռավար ուսուցման կարիքները հոգալու նպատակով տրամադրվել է 31 մլն 645 հազար դրամ: Աջակցության շնորհիվ 50 համակարգիչ է տրամադրվել Լոռու լեռնային և Տավուշի սահմանամերձ համայքնների երեխաներին, 150 համակարգիչ` Հայաստանի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին և 112 պլանշետ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով հեռավար դասընթացներին մասնակցելու հնարավորություն չունեցող խոցելի խմբի երեխաներին։ Ֆինանսավորման մի մասն ուղղվել է նաև «Կորոնավիրուսից տուժած անձնաց թվային գրագիտության բարելավում» ծրագրին և մանկատան երեխաներին:

            COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում   համակարգի մի քանի բանկերի կողմից իրականացվել են նաև աջակցության այլ ծրագրեր, այդ թվում՝

- առանց վարկային գծի նոր պատվիրված, վերաթողարկված, փոխարինված վճարային քարտերի անվճար առաքում,

- հաճախորդների կողմից վճարային համակարգերի միջոցով կատարվող գործարքների միջնորդավճարների զրոյացում,

-   հիփոթեքային վարկերի գծով ՀՀ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց պատվիրելու հնարավորություն:

  Մշտապես շարունակելով հաճախորդների   սպասարկումը՝ բանկերի կողմից պահպանվել են պարետատան կողմից սահմանված անվտանգության պահանջները:

  Հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀՀ առևտրային բանկերը շարունակելու են ամրապնդել հաճախորդների հետ ձևավորած և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերային հարաբերությունները:

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն 

Նմանատիպ նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.09.2020

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտի կապակցությամբ ՀԲՄ ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ բանկային համակարգի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Բանկային համակարգի գործունեության 2020թ․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Բանկային համակարգի գործունեության 2020թ․ առաջին կիսամյակի ցուցանիշները
17.08.2020

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտի կապակցությամբ ՀԲՄ ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ բանկային համակարգի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Վերանայվել է 1․3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր․ բանկերի միության նախագահ
Վերանայվել է 1․3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր․ բանկերի միության նախագահ
03.07.2020