Հայաստանի Բանկերի Միություն
«Բանկային համակարգի կայունության բանաձևը ոլորտում մրցակցային միջավայրն է». Դանիել Ազատյան
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։
Դանիել Ազատյանն իր ելույթում արձանագրեց․ «Մի բան փաստ է․ Հայաստանի բանկային համակարգը վերջին տարիներին ցույց է տվել իր կենսունակությունը, ապահովել է հաճախորդների սպասարկման անընդհատությունը և դիմակայել այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են համավարակը, պատերազմը և աշխարհաքաղաքական ճգնաժամային իրավիճակները»։
ՀԲՄ նախագահը բանկային համակարգի կայունության մասին խոսելիս առանձնակի կարևորեց ոլորտում մրցակցային միջավայրի առկայությունը և տնտեսական վիճակի կարգավորման ու վերահսկման գործիքակազմը, որը կիրառում է Հայաստանի Կենտրոնական բանկը։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը նույնպես անդրադարձավ բանկային համակարգում հանդիպած մարտահրավերներին և փաստեց, որ հայաստանյան բանկերը պատվով են հաղթահարել փորձությունները։ Խոսելով «Հայէկոնոմբանկ»-ի մասին՝ Արմեն Նուրբեկյանը առանձնացրեց հավատարմության գործոնը, որն ընկերության ուրույն տեղն է ապահովում համակարգում, իսկ 2023 թվականից ստացած արդյունքներն անվանեց առողջ աճ։
Օրակարգը սպառելուց հետո ելույթ ունեցան նաև «Grant Thornton Armenia» ընկերության խորհրդի նախագահ Արմեն Հովհաննիսյանը և բանկի հավատարիմ հաճախորդները։
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում: