Հայաստանի Բանկերի Միություն
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի գործունեության առաջին կիսամյակի արդյունքները
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ամփոփել է բանկային համակարգի գործունեության 2020թ․ առաջին կիսամյակի ցուցանիշները։
Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5.6%-ով (891 մլրդ դրամ), ակտիվներն ավելացել են շուրջ 191 մլրդ դրամով կամ 3.3%-ով (5996 տրլն դրամ)։
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի դիտարկմամբ՝ COVID-19 համավարակով պայմանավորված ամբողջ աշխարհում նկատվում է վարկավորման ծավալների նվազում:
«Դա պայմանավորված է առկա ռիսկերով և անորոշությամբ: Այս համատեքստում, սակայն ՀՀ բանկային համակարգում վարկային պորտֆելն առաջին կիսամյակում ավելացել է 28 մլրդ դրամով կամ 0.7%-ով: Վարկերի կառուցվածքին նայելով տեսնում ենք, որ առաջին կիսամյակում հիմանական բոլոր ուղղություններով արձանագրվել է աճ: Հարկ եմ համարում նաև նշել, որ վարկավորման ծավալների 41.5%-ը ֆիզ․ անձանց, իսկ շուրջ 45 %-ը ՝ տնտեսությանը տրամադրված վարկերն են»:
Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ Ս․Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ծավալին:
2020թ-ի առաջին կիսամյակում ընդհանուր պարտավորություններն աճել են շուրջ 145 մլրդ դրամով կամ 2.9%-ով, ընդհանուր ավանդները` նվազել շուրջ 112 մլրդ դրամով կամ 3.1%-ով:
«Թեև այս ցուցանիշի մասով արձանագրվել է նվազում, սակայն պետք է նկատել, որ առաջին կիսամյակում ռեզիդենտ հաճախորդների ավանդներն ավելացել են շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.8%-ով: Այստեղից հետևում է, որ նվազումը հիմնականում պայմանավորված է ոչ ռեզիդենտ հաճախորդների ավանդային պայմանագրերի խզմամբ: Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 132 մլրդ դրամով կամ 12.6%-ով: Ոչ ռեզիդենտների բաժնեմասն ավանդներում դեռևս շարունակում է մնալ 26%-ի շրջանակներում: Այս ցուցանիշը փաստում է կայունության և համակարգի հանդեպ ունեցած վստահության մասին։ Դրամով և արտարժույթով ավանդների մասով պետք է նկատել, որ դեռևս 2009թ. արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 73%, իսկ այս կիսամյակի վերջի դրությամբ այն կազմել է 54%: Այստեղ երևում է այն միտումը, որ արտարժութային ավանդի մասնաբաժինն իր տեղն է զիջում դրամով ավանդներին»:
2020թ-ի առաջին կիսամյակում բանկայի համակարգն ապահովել է 40.6 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 2.2 մլրդ դրամով կամ 5.7%-ով:
«Շահույթի աճի հետ կապված ցուցանիշը երբեմն շահարկումների տեղիք է տալիս, նաև երբեմն դժվար է լինում գնահատական տալ՝ հիմք ընդունելով միայն շահույթի բացարձակ մեծությունը։ Այս նպատակով փորձել ենք դիտարկել այն համադրության մեջ՝ համեմատելով բանկերի կապիտալի միջին շահութաբերության մակարդակը ԱՄՆ և Եվրոպայի մի շարք զարգացած երկրներում կապիտալի միջին եկամտաբերության հետ: Մինչ այդ սակայն պետք է ասեմ, որ սովորաբար զարգացող երկրներում եկամտաբերության աստիճանն ավելի բարձր է լինում, քան զարգացած երկրներում: Համադրության մեջ տեսնում ենք, որ 2019թ. վերջի դրությամբ Հայաստանում այն ավելի ցածր է, քան ԱՄՆ-ում և համադրելի է Եվրոպայի ցուցանիշի հետ: Արդյունքում տեսնում ենք, որ ՀՀ բանկային համակարգի ROE-ն համադրելի է զարգացած երկրների բանկերի եկամտաբերության մակարդակին»:
ՔԱՐՏԵՐ
Առցանց ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին:
ՀԲՄ գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ համավարակն անուղղակիորեն ազդել է նաև վճարումներ, գնումներ, տարբեր գործարքներ կատարելու մարդկանց վարքագծի վրա, ինչն էականորեն անդրադարձել է համապատասխան ցուցանիշների վրա։ Մասնավորապես` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 55.451-ով՝ կազմելով է 2 մլն 445 827, որը 2019թ-ի համեմատ ավելացել է 2.3%-ով: Վճարային քարտերով կատարվել է 19 մլն 727 011 գործարք, որը 2019թ-ի առաջին կիսամյակի համեմատ` (16 064 372) ավելացել է 22.8%-ով: Վճարային քարտերով գործարքների ծավալը նույնպես 2019թ-ի առաջին կիսամյակի համեմատ (573 940 մլն դրամ) ավելացել է 21 067 մլն դրամով կամ 3.7%-ով՝ կազմելով 595 007 մլն ՀՀ դրամ:
«Առաջին կիսամյակում նկատելի է, որ անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկ գործարքներին։ Մասնավորապես՝ անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 552 023, որը 2019թ-ի առաջին կիսամյակի (7 267 540) համեմատ աճել է 45.2%-ով։ Կանխիկ գործարքների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 9 174 988»:
ՀՀ առևտրային բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բոլոր բանկերը միասին պետ․ բյուջե վճարել են 26 մլրդ 741 մլն դրամ հարկ: 1000 խոշոր հարկատուների ցանկում 13 առևտրային բանկեր գտնվում են առաջին հարյուրյակում:
«Հատկանշական է, որ բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2020թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում՝ 1 573 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 474 մլն դրամ, իսկ առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը` 1 358 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 168 մլն դրամ»:
ՀԲՄ-25․ հետադարձ հայացք համակարգի զարգացման 25 տարիներին
2020թ. հոբելյանական է ՀԲՄ համար, լրանում է միության հիմնադրման 25-ամյակը: Անցած 25 տարիների բանկային համակարգի հիմնական ցուցանիշները վկայում են համակարգի կայունության և մրցունակության մասին։
1993-1995թթ. ՀՀ-ում գործել է շուրջ 58 բանկ։ 2020թ․ գործում է 17 առևտրային բանկ։ Շարունակական կտրուկ աճ է գրանցվել հիմնական ցուցանիշների՝ կապիտալի, ակտիվների և վարկերի մասով։
ՀՀ բանկային համակարգի զարգացումները տնտեսության համադրությամբ
2003-2020թթ. ՀՆԱ գրանցել է 304% աճ, վարկային ներդրումներն ավելացել են 3286%-ով, ակտիվները՝ 1930 %-ով, պարտավորությունները՝ 1985%-ով, ավանդները՝ 1826%-ով, կապիտալը՝ 1772%-ով:
«Սա փաստում է այն մասին, որ անցած 25 տարիներին բանկային համակարգն ամբողջ ծավալով օգտագործել է երկրում առկա ներուժը՝ ապահովելով կայուն աճ ու զարգացում, ինչպես նաև իր ներդրումն ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում»։
ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ
Անդրադառնալով բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժնին վերաբերող հարցին և համեմատական ցուցանիշներին՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշեց, որ 2020թ-ի հունիսի 1-ի դրությամբ բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը կազմել 4.67%-ը, ճիշտ այնքան, որքան եղել է նախորդ տարի նույն ամսում։
«Չաշխատող վարկերի ցուցանիշը վերջին տարիներին գտնվում է 4-5% միջակայքում։ Այս կիսամյակի առավելագույն ցուցանիշը գրանցվել է մարտ ամսին՝ հասնելով մինչև 5.08%, այնուհետև գրանցվել է նվազում։ Սա պայմանավորված է նրանով, որ տրամադրելով վարկային արձակուրդներ և վերանայելով հաճախորդների վարկավորման պայմանները՝ բանկերը դրանք չեն դասակարգել չաշխատող վարկերի շարքին։ Այս իմաստով ցուցանիշը դեռևս գտնվում է նախորդ տարիներին գրանցված միջակայքում։ Հետագա փոփոխությունները կախված կլինեն նրանից, թե համավարակով պայմանավորված ինչ իրավիճակ կլինի աշնանը։ Եթե իրավիճակի կտրուկ փոփոխություններ չլինեն, ապա ցուցանիշի հետ կապված էական շեղումներ չեն սպասվում»։
Ի պատասխան այն դիտարմանը, թե ներկա պայմաններում բանկերը նախապատվություն են տալիս մանրածախ վարկավորմանը և շարունակում են ավելացնել դրա ծավալները՝ տնտեսավարող սուբյեկտների վարկավորումն ակտիվացնելու փոխարեն, Սեյրան Սարգսյանը հավաստիացրեց, որ նման միտում չկա։
«Այս իրավիճակում անշուշտ կարևոր է մանրածախ վարկավորման իրականացումը, քանի որ ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար սա անհրաժեշտություն է։ Սակայն կոնկրետ վարկավորման տեսակին նախապատվություն տալու դիտարկումը տեղին չէ։ Վարկերի կառուցվածքի վիճակագրությունը փաստում է այն մասին, որ վարկային պորտֆելի մեծ մասն ամեն դեպքում ուղղված է տնտեսությանը, և մեծ մասնաբաժինը դա երկարաժամկետ վարկերն են, իսկ մանրածախ վարկերի աճի ցուցանիշներն ավելին չեն, քան մյուս վարկերի մասով վարկավորման ծավալների աճի տեմպերը»։
Վարկային արձակուրդ և կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրեր
Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները: Հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել են մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր:
Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերով ՀՀ առևտրային բանկերը մասնավորապես առաջին և երկրորդ ծրագրերով բավարարել են 21693 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 98 մլրդ դրամ գումար։ Սա նշանակում է, որ միջինում մեկ հայտատուին տրամադրվել է 4,5 մլն դրամի վարկ։ Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ հումք, սարքավորումներ ձեռք բերելու, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձ, հարկեր, կ տոկոսն օգտվել է այդ արտոնությունից։ոմունալ ծախսեր վճարելու համար, օգոստոսի 5-ի դրությամբ բավարարվել է 1071 վարկային հայտ՝ շուրջ 66 մլրդ դրամ չափով գումար: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 20.622 վարկային հայտ՝ 32.2 մլրդ դրամի չափով գումար։
Ներդրումային վարկավորում
Անդրադառնալով ներդրումային վարկավորման մասսայականացման անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Սեյրան Սարգսյանը նշեց.
«Եթե խոսքը բանկերի դասական ներդրումային գործունեության մասին է, երբ բանկերը ներդրում են ունենում իրավաբանական անձի մասնաբաժնում, հետագայում ընկերության կողմից այն հետ գնելու պայմանով, ապա որոշ բանկեր Հայաստանում իրականացնում են այսպիսի գործունեություն, որը սակայն պայմանավորված պահանջարկի պակասի հետ դեռևս մասսայականություն չի վայելում։ Իսկ եթե ներդրումային վարկավորում ասելով նկատի ունենք զարգացման, ընդլայնման կամ հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով վարկավորումը, ապա ընդհանուր բանկային պորտֆելում այս մասով տրամադրված վարկերի ծավալը բավականին մեծ մասնաբաժին ունի։ Արդեն իսկ նշեցինք, որ տնտեսությանը տրամադրված վարկերի 80-87%-ը երկարաժամկետ վարկերն են, որոնք տրամադրվել են հենց այս նպատակով»։
Բանկային համակարգի դերը ՀՆԱ-ի աճի ապահովման գործում
«Բանկային համակարգի միջնորդական գործառույթը գնահատելու և պարզելու՝ արդյո՞ք այն գտնվում է բավարար մակարդակում, որը հիմնականում չափվում է օգտագործելով վարկ/ՀՆԱ ցուցանիշը, մենք ուսումնասիրեցինք եվրոպական 40-50 զարգացած երկրների ցուցանիշները և փորձեցինք հասկանալ, թե որոնք են այն գործոնները, որոնք ազդում են վարկ/ՀՆԱ ցուցանիշի վրա։ Պարզվեց, որ էական ազդեցություն ունեցող գործոնները երեքն են՝ բնակչության միջին եկամուտների չափը, մեկ ընկերությանը բաժին ընկնող ՀՆԱ-ի մասնաբաժինը և վարկատուների շահերի պաշտպանության ցուցիչը։ Երբ դիտարկում ենք ՀՀ-ում վարկ/ՀՆԱ հարաբերակցությունը մոդելավորման միջոցով, ապա ցուցանիշը ստացվում է այնքան, որքան այսօր է։ Սա փաստում է այն մասին, որ բանկային համակարգի միջնորդական գործունեության մակարդակը մեզ մոտ համադրելի է եվրապական զարգացած երկրների բանկային համակարգերի միջնորդական գործունեությանը»,-նշեց Սեյրան Սարգսյանը։
Ամփոփելով առցանց հարթակում կազմակերպված մամուլի ասուլիսը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը անդրադարձավ նաև համավարակի հնարավոր 2-րդ ալիքի պարագայում բանկային համակարգի պատրաստվածության հարցին և հնարավոր զարգացումներին։
«Համավարակի 2-րդ ալիք ասելով պետք է հասկանանք, թե ինչպիսի նոր մարտահրավերների հետ կբախվենք, և ինչ ազդեցություն այն կունենա ընդհանուր տնտեսության վրա։ Այս տեսանկյուից կանխատեսում անելը բավականին դժվար է, Կարծում եմ բոլոր հնարավոր սցենարների դեպքում առաջացող ռիսկերը լինելու են կառավարելի։ Ինչ վերաբերում է հետճգնաժամային պայմաններին՝ այս մասով ակնկալիքներս դրական են, սպասումները՝ մեծ»։
Հայաստանի բանկերի միության
հանրային կապերի ծառայություն