Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Առցանց քննարկում՝ սոցիալական ուղղվածության պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ

06.07.2020
Առցանց քննարկում՝ սոցիալական ուղղվածության պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ

Այսօր Հայաստանի բանկերի միությունում կազմակերպված առցանց հանդիպում-քննարկումը նվիրված էր Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին:  

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Սմբատ Սաիյանը և Աննա Ժամակոչյանը, ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը,  ինչպես նաև ՀԲՄ, ԿԲ, առևտրային բանկերի և նախարարության ներկայացուցիչներ:

Աշխատանքային քննարկման շրջանակում փոխնախարար Սմբատ Սաիյանը պարզաբանումներ ներկայացրեց պետական աջակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ բանկերի կողմից ներկայացված դիտարկումների և բարձրացված հարցերի վերաբերյալ: Քննարկվեցին նաև   լիազոր մարմնի և բանկերի միջև տեղեկատվության, ֆինանսական միջոցների փոխանակման և կազմակերպչական մի շարք այլ հարցեր:

Փոխնախարար Սմբատ Սաիյանի փոխանցմամբ՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։ Երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում: Երրորդ ծրագրի շրջանակներում պետության կողմից կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն այն ընտանիքներին, որոնք ունեն գործող հիպոտեքային վարկ և ընտանիքում ծնվում է երեխա: Աջակցությունը կուղղվի հիպոտեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Վերոնշյալ ծրագրերի իրականացման գործում ակնկալելով բանկերի ակտիվ ներգրավվածությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը նշեց, որ բանկերի հետ համատեղ արվելու է հնարավորը պետական աջակցության ծրագրերը հանրության համար լիովին հասանելի դարձնելու նպատակով:

          Ամփոփելով հանդիպումը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հույս հայտնեց, որ բարձրացված հարցերի վերաբերյալ տրված պարզաբանումները կնպաստեն առաջիկայում առավելագույն քանակով առևտրային բանկերի ներգրավվածությանը սոցիալական ուղղվածության վերոնշյալ ծրագրերի իրականացման գործում: