Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Նոր օրը նոր խնդիրներ է բերում, որոնք պետք է լուծել այստեղ և այսօր

26.03.2021
Նոր օրը նոր խնդիրներ է բերում, որոնք պետք է լուծել այստեղ և այսօր

Հայաստանի բանկերի միությունը մեկնարկում է նոր նախագիծ՝ UBA Talks. հարցազրույցների շարք ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների հետ:

Ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց հետ կանդրադառնանք բանկային համակարգի արդիական թեմաներին:

UBA Talks շարքը հնավարություն կտա բացահայտել նաև մեր զրուցակցի ոչ մասնագիտական կողմերը:

ՀԲՄ հարցազրույցների շարքը մեկնարկում ենք Հայաստանի Բանկերի Միության նախագահ, Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ:

  Պարոն Անանյան, նախորդ տարին ինչպես մեր պետության, այնպես էլ բանկային համակարգի համար լի էր մարտահրավերներով՝ սկզբում համավարակ, այնուհետև պատերազմ: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս ընդունեց ֆինանսական համակարգն այդ մարտահրավերները, ինչի՞ շնորհիվ կարողացավ դիմակայել և պահպանել կայունությունը, քայլեր ձեռնարկել բանկերի հաճախորդներին աջակցելու նպատակով:

  Հայաստանի բանկային համակարգը հետխորհրդային տարածքի ամենազարգացած և առավել կայուն ինստիտուցիոնալ համակարգերից է՝ շնորհիվ բավական կոշտ կարգավորման պահանջների: Նորանկախ Հայաստանի բանկային համակարգն անցել է մի շարք ճգնաժամերի միջով և հիմնականում պատրաստ է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների։ Ավելին, տնտեսության և հասարակության մեջ ծանրագույն ցնցումների ֆոնին, բանկերը կարողացել են հուսալի գործընկերներ մնալ օտարերկրյա ներդրողների համար, ինչը շատ կարևոր է:

  Բանկերի արձագանքը 2020 թվականին առաջացած լրջագույն տնտեսական մարտահրավերին եղել է արագ, ժամանակին ու լայնորեն կոորդինացված ՀՀ կառավարության և Կենտրոնական Բանկի հետ: Հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում բանկերը վերակառուցել են ավելի քան 550 հազ. ֆիզիկական անձ և 17.4 հազ. իրավաբանական անձ հաճախորդների վարկեր ընդհանուր 1.3 տրլն ծավալով: Միաժամանակ, բանկային համակարգն ակտիվ ներգրավվել է ՀՀ կառավարության կողմից մշակված և համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական ծրագրերին, որի շրջանակում բավարվել է ավելի քան 25000 վարկային հայտ 119 մլրդ դրամ գումարի չափով:

  2020թ-ին բանկերն ակտիվորեն զարգացնում էին նաև սպասարկման հեռավար ուղիները և առաջարկում նոր լուծումներ՝ սկսած օնլայն բանկինգի ծառայություններից՝ վերջացրած անհպում բանկոմատների ներդրմամբ:

 

  Ինչպես բխում է Ձեր պատասխանից` բանկերն այսօր շարունակում են մնալ իրացվելի և հնարավորություն ունեն ցանկացած պահի լիարժեք կատարել իրենց պարտավորությունները: Իսկ ի՞նչ են ասում բանկիրները: Ի՞նչ կորուստներով են բանկերը դուրս գալու վիրուսային ճգնաժամից: Արդյո՞ք բոլորի մոտ կբավականացնի կապիտալը և կամքը:

  Այս պահին կապիտալիզացիայի և իրացվելության առումով բանկերն ունեն բավարար պաշարներ: Միևնույն ժամանակ կան դեռևս խնդիրներ, որոնք մենք քննարկում ենք ինչպես կառավարության, այնպես էլ Կենտրոնական բանկի հետ: Օրինակ՝ այս պահին քննարկվող խնդիրները վերաբերում են Արցախի բնակչության ու կազմակերպությունների վարկային պարտավորությունների մարումներին, որոնց լուծման ուղղությամբ այժմ ակտիվորեն փնտրվում են տարբեր ուղիներ։

  Հայաստանում գործում է 17 բանկ, որոնցից 7-ը մասնաճյուղեր են ունեցել Արցախում, մնացած 10 բանկերը նույնպես ակտիվորեն մասնակցել են վարկավորման ծրագրերին: Ռազմական գործողությունների արդյունքում նրանք բոլորն էլ ֆիզիկական և ֆինանսական վնասներ են կրել։

 

  Բանկերը դեռ ի վիճակի են մարսել ռիսկերը, սակայն երկրում սոցիալական, տնտեսական բարդությունների պատճառով վարկերը չվճարելու դեպքերը կարող են աճել: Այդ դեպքում ի՞նչ կլինի։

  Չեմ թաքցնի, մենք դիտարկում ենք իրադարձությունների զարգացման նման սցենար։ Իսկապես, վարկերի չվճարումը բանկերում տեսանելի ապագայում կարող է հաճախակիանալ։  Չաշխատող վարկերի ծավալը, որոնցով վճարումներ չեն կատարվում, մեր գնահատականներով, ներկայիս 6,6 տոկոսից կարող է աճել մինչև 10 տոկոս: Այնուամենայնիվ, կրկնեմ, բանկերն ունեն բավականաչափ ռեզերվ՝ իրենց կապիտալի հաշվին կորուստները ծածկելու համար։  Ընդ որում, նման կայունության պաշար ունի ոչ միայն բանկային համակարգն ամբողջությամբ, այլև յուրաքանչյուր բանկ առանձին-առանձին: Բանկերը կարող են դրանք հաղթահարել վերոնշյալ կապիտալի «բարձիկի» հաշվին։

 Դուք արդեն մի քանի տարի է, ինչ ղեկավարում եք երկրի ամենախոշոր բանկերից մեկը: Երբևիցե չե՞ք ցանկացել փոխել աշխատանքի բնույթը: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի բանկիրը, ի՞նչ որակներ են օգնում և որոնք են խանգարում աշխատել այդ համակարգում։

   Առաջին մասնագիտությամբ մեխանիկոս-մաթեմաթիկոս եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանն, այնուհետ պաշտպանել եմ թեկնածուական թեզ և ստացել ֆիզիկոմաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

  Բուհն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել եմ նախ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, որպես գիտաշխատող, այնուհետև ստացել եմ նաև երկրորդ մասնագիտություն՝ ավարտելով Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ֆինանսներ և վարկ հեռակա ֆակուլտետը, այնպես որ մինչև բանկային համակարգ մտնելը հասցրել եմ աշխատել նաև այլ ոլորտում։ 1998թ-ից ի վեր ես այս բնագավառում եմ և այս տարիների ընթացքում չեմ փոխել գործունեությանս տեսակը: Իրականում ես շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Թեև այն չափազանց հետաքրքիր է, բայց դժվար և պատասխանատու, քանզի մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր վստահում են մեզ իրենց միջոցները, իսկ մեր պարտքն է արդարացնել այդ վստահությունը և ապահովել լրացուցիչ եկամուտներ մեր ավանդատու հաճախորդների համար։

  Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2021 թվականից, ինչպիսի՞ն կլինի այն բանկային համակարգի համար:

  Կանխատեսումները անշնորհակալ գործ են։ Առայժմ համավարակը դեռ էականորեն չի նահանջել և ամենայն հավանականությամբ, 2021թ. նույնպես կանցնի դրա հետևանքների դեմ պայքարով:  Բացի դրանից պատերազմով պայմանավորված տնտեսական հետևանքների ազդեցությունն առավելապես զգացնել կտան հենց 2021 թվականին: Շատ բան կախված կլինի համավարակով պայմանավորված իրավիճակի զարգացումից, իշխանությունների և կարգավորող մարմինների գործողություններից, երկրի ներքին և արտաքին քաղաքական ընդհանուր իրավիճակից։ Վերոհիշյալ պատճառով Հայաստանի բանկերի ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն ավանդական բանկային գործիքները, այլև ակտիվորեն զարգացնելու ենք 2020թ-ի մարտահրավերներով թելադրված նոր տեխնոլոգիաները: Ես խոսում եմ ինչպես հեռավար սպասարկման կատարելագործման և հաճախորդների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացման, այնպես էլ բիզնես գործընթացների օպտիմալացման մասին։  

  Հուսով եմ, որ կգրանցվի հիփոթեքային վարկավորման շուկայի աճ՝ հիմնականում անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի աճի հաշվին։ Որպես վարկային շուկայի կայունացման կարևոր գործոն, պետք է նշեմ գրավիչ տոկոսադրույքներով հիփոթեքային վարկավորման ծրագրերի զարգացումը, որպեսզի ձևավորվի շուկայի պահանջարկը։

 

  Այո, շատ բան է արվել, որպեսզի հիփոթեքը դառնա ավելի մատչելի բնակչության համար.  Բայց, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ մեզ մոտ, Հայաստանում, այսպես կոչված, «հիփոթեքային պղպջակ» առաջանա։

   Ես դրա նախադրյալներ չեմ տեսնում, հատկապես, որ հիփոթեքային շուկան շարունակել է աճել նույնիսկ 2020 թվականին։ Այդ աճի հիմնական որոշիչ գործոններն են եղել եկամտահարկի վերադարձման մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը, բանկերի միջև մրցակցության արդյունքում վարկավորման անընդհատ բարելավվող պայմանները, ինչպես նաև բանկերի և կառուցապատողների միջև համագործակցությունը:  Կենտրոնական բանկը և ՀԲՄ-ն, իհարկե, որոշակի անհանգստություն ունեն՝ կապված այն հանգամանքի հետ, որ բնակչության վճարունակությունը նվազում է, իսկ սպառողական վարկերը՝ աճում: Բայց դա չի նշանակում, որ կան պղպջակների առաջացման մտավախություններ։ Համենայնդեպս, տեսանելի ապագայում նման ռիսկեր ես չեմ տեսնում։ Շարունակվելու է քարտային բիզնեսի աճը քանի որ արդեն երկիր է մուտք գործել Android pay համակարգը և արդեն հայաստանյան 2 բանկ մատուցում է այդ ծառայությունները, կասկած չունեմ որ մեր շուկա մուտք կգործի նաև Apple pay համակարգը։ Հնարավոր է, որ կհայտնվեն նոր պրոդուկտներ և տեխնոլոգիաներ, որոնք կապված են անկանխիկ գործարքների հետ։ Ամենայն հավանականությամբ սպառողական վարկավորման շուկայում կգրանցվի զարգացման տեմպերի նվազում՝ ի նկատի ունեմ այսպես կոչված կանխիկով վարկավորմանը։

  Ուզում եմ, որ պարզ լինի՝ ցանկացած ճգնաժամ, ցանկացած համավարակ մի օր կավարտվի։  Եվ եթե մենք դրանից դուրս գանք պատվով, ապա կունենանք բոլորովին նոր, ամբողջովին վերափոխված ֆինանսական և տնտեսական համակարգ։ Այսօր բանկերում, բորսաներում, տեղեկատվական և այլ ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններն արդեն արմատական են։ Վստահ եմ, որ այս փոփոխությունները մեր երկրի հետագա տնտեսական աճի և ֆինանսական զարգացման համար առողջ հիմք կհանդիսանան:

 

  Պարոն Անանյան, ի՞նչ որակներ են անհրաժեշտ հաջողակ մասնագետ և երջանիկ մարդ դառնալու համար, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:

  Շարունակեք աշխատել ձեր մասնագիտական գիտելիքների վրա, հետաքրքրվեք ձեր ոլորտի նորություններով, մասնագիտորեն անընդհատ աճեք և զարգացեք: Իհարկե, կմաղթեի նաև հաջողություն, բայց դա երբեք  մարդուն հենց այնպես չի տրվում: Իսկ երջանիկ լինելու համար պետք է ունենալ լավ ընտանիք, սիրված աշխատանք և լավ աշխատանքային ընկերներ: Սրամիտ է ձևակերպված՝ երջանիկ է այն մարդը, ով առավոտյան չի ուզում գնալ աշխատանքի, իսկ երեկոյան չի ուզում գնալ տուն:

 

  Դուք ունե՞ք աշխատանքի կազմակերպման որևէ կանոն:

  Ես այսօրվա գործը չեմ թողնում վաղվան. նոր օրը նոր խնդիրներ է բերում, որոնք պետք է լուծել այստեղ և այսօր:

Նմանատիպ նորություններ

Իրինա Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»
Իրինա Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»
22.06.2022

Հայաստանի բանկերի միության UBA Talks նախագծի շրջանակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի հետ զրույցի թեման է Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարումը բանկերում: Տիկին Սեյլանյանը կիսվել է նաև կայացած մարդ ու մասնագետ դառնալու սեփական փորձով: