Հայաստանի Բանկերի Միություն
Իրինա Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»
Հայաստանի բանկերի միության UBA Talks նախագծի շրջանակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի հետ զրույցի թեման է Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարումը բանկերում: Տիկին Սեյլանյանը կիսվել է նաև կայացած մարդ ու մասնագետ դառնալու սեփական փորձով:
- Տիկին Սեյլանյան, զրույցի սկզբում թերևս փորձենք հանրությանը հասանելի կերպով ներկայացնել բնապահպանական և սոցիալական կառավարման էությունն ու կարևորությունը կորպորատիվ կառավարման համատեքստում:
Ընդհանուր առմամբ, ժամանակակից աշխարհում բնապահպանական և սոցիալական կառավարումը հաջողակ բիզնեսի հենասյուներից մեկն է։ Ընկերությունները որդեգրում են պատասխանատու կառավարման ստանդարտներ և ֆինանսական հաշվետվություններին զուգահեռ հրապարակում են բնապահպանական և սոցիալական կառավարմանն ուղղված իրենց ներդրումների ու իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Հայաստանում բնապահպանական և սոցիալական կառավարումն իր ամբողջ ծավալով և նշանակությամբ դեռ լայն տարածում չի ստացել, սակայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ժամանակակից կազմակերպությունների բիզնես ռազմավարության անբաժան մաս է կազմում։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում կազմակերպությունները, գիտակցելով իրենց գործունեության ազդեցությունը հասարակության և շրջակա միջավայրի վրա, մշակում և իրականացնում են երկարաժամկետ ծրագրեր` արտահայտելով հոգատար վերաբերմունք այն միջավայրի հանդեպ, որտեղ գործունեություն են ծավալում: Այն ցանկացած բիզնեսի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ դրական ազդեցություն է ունենում և՛ բիզնեսի և՛ հասարակության վրա:
- Ի՞նչ դրսևորումներ ունի ԿՍՊ-ն բանկային համակարգում և ո՞ր ուղղություններով են առավել հաճախ իրականացվում համապատասխան միջոցառումներն ու ծրագրերը: Ինչպե՞ս է ԿՍՊ-ն նպաստում հանրության շրջանում ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած վստահության ամրապնդմանը:
Ինձ համար ԿՍՊ ցուցաբերել նշանակում է լինել որոշակի արժեքների կրող, ինչն էլ իր հերթին նշանակում է ղեկավարել կազմակերպությունն այդ արժեքներով: Անկախ գործունեության ոլորտից` դա վստահություն է առաջացնում հաճախորդների շրջանում, և այստեղ ֆինանսական կառույցները բացառություն չեն կազմում: Ընդ որում, հպարտորեն կարող եմ նշել, որ հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում:
Այսօր բոլոր բանկերը մեծ ուշադրություն են դարձնում ԿՍՊ-ին և ունեն մշակված ներդրումային քաղաքականություն։ Մեր բանկն օրինակ բերելով` կարող եմ ասել, որ առաջնային ենք համարում բնապահպանությանն ու համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերը: Ուշադրության կենտրոնում ենք պահում նաև Հայաստանի մարզերը, քանի որ կարծում եմ կայուն զարգացում ապահովելու համար չպետք է սահմանափակվենք միայն մայրաքաղաքում ԿՍՊ դրսևորմամբ: Մարզերում իրականացնում ենք ծրագրեր, որոնք ուղղված են տեղի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև որոշակի գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի անցնելու կամ բիզնես գործունեություն ծավալելու համար։ Այլ կերպ ասած` ներդրումներ ենք կատարում այնպիսի ծրագրերում, որոնք երկարաժամկետ ազդեցություն կունենան հասարակության կյանքում և կնպաստեն կայուն զարգացմանը: Այստեղ նաև խրախուսում ենք մեր աշխատակիցների ներգրավումը, ովքեր մեծ սիրով իրենց մասնակցությունն են ցուցաբերում մեր կողմից իրականացվող ծրագրերում:
- Վերջին տարիներին իրար հաջորդող մարտահրավերային իրավիճակների պայմաններում, ընթացիկ խնդիրների հաղթահարմանը զուգահեռ՝ բանկերը ստանձնեցին նաև սոցիալական, կրթական, առողջապահական և մի շարք այլ ոլորտներին աջակցող կառույցի դերը։ Ինչպե՞ս կգնահատեք համակարգի դերն ու նշանակությունն այս հարցում։
Բոլորիս հայտնի մարտահրավերները ցույց տվեցին, թե որքան խոցելի իրավիճակում կարող են հայտնվել տարբեր ոլորտներ ամբողջ աշխարհում: Ցավոք, դա ընդգծված կերպով արտահայտվեց նաև մեր երկրում: Սակայն, ըստ իս, նման իրավիճակում հայտնվելը ճկունություն դրսևորելու և լուծումներ փնտրելու անհրաժեշտություն և հնարավորություններ է ստեղծում: Նման դեպքերում կարծում եմ կարևոր է, թե ինչպես են իրենց դրսևորում կայացած և ամուր կառույցները, քանի որ դժվարին ժամանակաշրջանում դյուրին չէ աջակցություն ցուցաբերել այլ ոլորտներին` միաժամանակ հաղթահարելով սեփական խնդիրները:
Բանկերը եզակի դեր ունեն կայունության ապահովման և դժվարին իրավիճակում հաճախորդներին աջակցելու գործում: Համակարգի հիմնական մարտահրավերն էր` շարունակել անխափան և արդյունավետ սպասարկումը` միաժամանակ ապահովելով աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունը: Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնք, ի դեպ, այսօր ևս շարունակվում են, ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ամենատարբեր բարդ իրավիճակներում մեր համակարգը կարողացել է դրսևորել ճկունություն` օժանդակություն ցուցաբերելով հաճախորդներին և միաժամանակ հաղթահարելով սեփական դժվարությունները. դա էլ իր հերթին չի կարող դրական ազդեցություն չունենալ մեր տնտեսության վրա:
- HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող համարձակ պարտավորություններ է ստանձնել՝ նպատակ դնելով դառնալ արտանետումների զրոյական ցուցանիշով բանկ։ Այս տեսանկյունից որքանո՞վ եք կարևորում պատասխանատու բանկային գործունեությունը կանաչ տնտեսության ֆինանսավորման համատեքստում:
Այսօր, առավել քան երբևէ, ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է կայուն տնտեսական լուծումների ապահովումը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համատեքստում: Այդ նպատակով ամբողջ աշխարհում բիզնեսների ռազմավարության առանցքային գործոն են հանդիսանում կայուն մոտեցումները, ինչը ֆինանսական ոլորտում նույնպես առաջնային է դառնում։
Թեև բանկերն ի համեմատ այլ ոլորտների ունեն ավելի ցածր ուղղակի սոցիալական և բնապահպանական ազդեցություն շրջակա միջավայրի վրա, սակայն նրանք այդ հարցում ունեն պատասխանատվության իրենց մեծ բաժինը, քանի որ համագործակցում են այնպիսի ընկերությունների հետ, որոնց գործունեության արդյունքում աղտոտվում է շրջակա միջավայրը:
HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող համարձակ պարտավորություններ է ստանձնել` իր առջև նպատակ դնելով դառնալ զրոյական արտանետումների ցուցանիշ ունեցող բանկ: Այստեղ իր կարևոր դերակատարումն ունի նաև HSBC Հայաստանը` նպաստելով մեր երկրի անցմանը ցածր ածխածնային տնտեսության:
Այդ նպատակով մենք մշակել ենք հավակնոտ ծրագիր, որով պլանավորում ենք նվազագույնի հասցնել մեր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում կանաչ և կայուն ֆինանսավորումը, որով հաճախորդներին աջակցում ենք բիզնես վարելու առավել կայուն եղանակներին անցում կատարելու գործում:
- Ֆինանսական կառույցի կայացած լինելու փաստը ենթադրում է նաև ավելի մեծ պատասխանատվություն։ Պատասխանատվություն բոլոր հարթություններում՝ թե՛ բանկի ներսում, և թե՛ դրանից դուրս: Այս տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք բանկերին՝ որպես պատասխանատու գործատուների:
Վերջին տարիների մարտահրավերները ցույց տվեցին, որ շատ կարևոր է բարձր գիտակցության և պատասխանատվության դրսևորումը բոլոր ոլորտներում: Լինելով միջազգային կայացած ֆինանսական կառույցի ներկայացուցիչ` կարող եմ փաստել, որ մեր բանկը, հավատարիմ լինելով իր միջազգային ցանցի ռազմավարությանը, պատասխանատվություն է դրսևորում հավասարապես թե՛ իր հաճախորդների, և թե՛ աշխատակիցների հանդեպ:
Բանկային ոլորտն այն ոլորտն է, որն ապացուցել է, որ չի խուսափում պատասխանատվությունից և հատկանշական է, որ այս հարցում հայաստանյան բանկերը գնում են միջազգային լավագույն փորձի օգտագործման ճանապարհով: Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ բանկերը ներդրումներ են կատարում իրենց աշխատակիցների վերապատրաստման, զարգացման, ինչպես նաև հաճախորդների գոհունակության բարձրացման ուղղությամբ: Սա հնարավորություն է տալիս ստեղծել առողջ աշխատանքային միջավայր, որտեղ բավարարված կզգան և՛ աշխատակիցները, և՛ հաճախորդները:
«Ազնվությունն է այն էական որակը, որն անհրաժեշտ է գնահատված լինելու և հաջողությունների հասնելու համար»
- Տիկին Սեյլանյան, ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից բանկային համակարգի ներկայացուցիչը։ Ի՞նչ որակներ են անհրաժեշտ հաջողակ մասնագետ դառնալու համար։
Բանկային ոլորտում աշխատելը հետաքրքրություններով և մարտահրավերներով լի է։ Կարծում եմ` մարդկային հիմնական հատկանիշներն ու որակները կարևոր են բոլոր ոլորտներում, սակայն գոյություն ունեն որոշակի որակներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում հաջողակ լինելու համար:
Նախևառաջ ազնվություն. բանկն այն ոլորտն է, որտեղ աշխատանքը կապված է ֆինանսների հետ և հենց ազնվությունն է այն էական որակը, որն անհրաժեշտ է գնահատված լինելու և հաջողությունների հասնելու համար:
Կազմակերպվածություն. առնչվելով բազմաթիվ պարտականությունների հետ` ոլորտի մասնագետը պետք է արդյունավետ կառավարի բազմաթիվ գործողություններ` միաժամանակ ուշադրություն դարձնելով մանրուքներին:
Զգոնություն. բանկային ոլորտում գործ ունենք ֆինանսների հետ, ուստի պետք է միշտ զգոն լինել համակարգին սպառնացող վտանգների և զեղծարարությունների հանդեպ:
Հաղորդակցման հմտություններ. աշխատելով հանրության հետ` բանկային ոլորտի մասնագետը հաճախորդի վստահությունը ձեռք է բերում իր հաղորդակցման հմտությունների շնորհիվ։
Վերլուծական հմտություններ. անկախ աշխատանքի ոլորտից այս հմտությունը կարևոր է, սակայն մեր ոլորտում այն առավել կարևորվում է։
Արագ սովորելու ունակություն և ադապտացվելու հմտություն. դինամիկ բանկային հատվածին անհրաժեշտ են աշխատողներ, ովքեր ոչ միայն արագ կհասկանան նորացված տեխնոլոգիաներն ու պրոդուկտները, այլև հեշտությամբ կհարմարվեն դրանց, որպեսզի վստահորեն կարողանան հաճախորդներին սպասարկեն:
- Ներկայում հանդիսանում եք ինչպես HSBC-ի ազգությամբ հայ միակ կին տնօրենը, այնպես էլ ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների շարքում միակ կին ղեկավարը։ Կարծում եմ այս ոլորտում կրթություն ստացող ուսանողուհիներին կհետաքրքրի, թե ինչպիսի՞ մասնագիտական և մարդկային որակներ օգնեցին Ձեզ դառնալ ֆինանսական կառույցի ղեկավար:
Նախևառաջ կարևոր է նպատակասլացությունն ու վճռականությունը: Ընդհանրապես, ըստ վիճակագրության` մեր օրերում Հայաստանում բուհեր ավարտող աղջիկների թիվը գերազանցում է տղաների թվին, հետևաբար պետք է, որ ղեկավար պաշտոններում ավելի շատ կանանց տեսնեինք, սակայն այսօր նրանց միայն 20 տոկոսն է ղեկավար պաշտոններ զբաղեցնում:
Որոշ դեպքերում, իհարկե, ղեկավար պաշտոնի անցնելու համար կանայք ստիպված են լինում կատարել ընտրություններ, որոնք պայմանավորված են հետևյալ հարցերով. արդյո՞ք նրանք պատրաստ են ստանձնել լրացուցիչ պատասխանատվություն, թե՞ անհանգստացած են, որ դա կազդի իրենց ընտանեկան կյանքի վրա: Արդյո՞ք տղամարդիկ պատրաստ են իրենց կողքին ուժեղ կին ունենալ: Արդյո՞ք գործատուներին մտահոգում է այն հանգամանքը, որ կանայք ժամանակ հատկացնելով ընտանիքին՝ բավականաչափ չեն կարողանա նվիրվել աշխատանքին: Այս բոլոր հարցերն իհարկե ազդում են ղեկավար դերերում կանանց ներկայացվածության վրա:
Համավարակը մեզ օգնեց հասկանալ, թե որքան արդյունավետ կարելի է կազմակերպել աշխատանքը, եթե գործատուն դրսևորում է ճկունություն, իսկ աշխատակիցն, օգտվելով այդ ճկունությունից, ունի գործնական և ընտանեկան կյանքի ավելի լավ կառավարման հնարավորություն: Հուսանք, որ այս մոտեցումը կնպաստի, որ ապագայում մենք ավելի շատ կին ղեկավարներ ունենանք:
Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ HSBC-ն մի վայր է, որտեղ արժևորվում է կանանց դերը, և ղեկավար պաշտոններում նրանց նշանակումը հազվադեպ հանդիպող երևույթ չէ: Անկախ սեռից` որևէ կառույց ղեկավարելու համար կարծում եմ կարևոր է ունենալ համապատասխան կրթություն, գիտելիքներ և փորձ, էությամբ լինել առաջնորդ, պատասխանատվությունից չխուսափել և կարողանալ արագ որոշումներ կայացնել:
- Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում կին ղեկավարն առհասարակ: Որպես կին ղեկավար ունե՞ք աշխատանքի կազմակերպման կանոններ կամ սկզբունքներ:
Կարծում եմ, որ կին ղեկավարն առօրյայում բախվում է նույն դժվարությունների հետ, ինչ որ տղամարդը։ Սակայն գաղտնիք չէ, որ կին ղեկավարները պետք է հաղթահարեն նաև լրացուցիչ դժվարություններ, որոնցից մեկը շրջապատի ընկալումներն են: Ուստի, ելնելով իմ անձնական փորձից, կցանկանայի մի քանի խորհուրդ տալ կին ղեկավարներին: Առաջինը՝ արհամարհեք կարծրատիպերը. կանայք պետք է հավատան իրենց կարողություններին, իմանան իրենց արժեքը և այն արժեքը, որը նրանք ստեղծում են կազմակերպության համար, քանի որ կին ղեկավար լինելը չի տարբերվում տղամարդ ղեկավար լինելուց: Երկրորդը՝ մի վախեցեք ձախողումից. ձախողման վախը կարող է լինել հաջողության հասնելու ամենամեծ խոչընդոտներից մեկը: Եվ երրորդը՝ աշխատանքի համար մի զոհաբերեք կնոջ մյուս կարևոր դերերը։
Աշխատանքի կազմակերպման կանոններն ու սկզբունքները կարծում եմ ինձ մոտ շատ չեն տարբերվում իմ տղամարդ գործընկերների սկզբունքներից։ Կարևոր է ունենալ լավ թիմ, որի վրա կարող ես հենվել գործը կազմակերպելու և որոշումներ կայացնելու համար, ունենալ ճիշտ առաջնահերթություններ և ճկունություն այդ առաջնահերթությունները փոխելու կախված իրավիճակից, վերցնել ռիսկեր, կայացնել որոշումներ ու պատասխանատվություն կրել այդ որոշումների համար: