Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Էթիկան բանկայի համակարգում և իրական հատվածում. առցանց քննարկում

08.06.2021
Էթիկան բանկայի համակարգում և իրական հատվածում. առցանց քննարկում

  Հայաստանի բանկերի միության և Բիզնեսի բարեվարքության ակումբի համատեղ կազմակերպված առցանց հանդիպմանը քննարկվեցին բանկային համակարգում և իրական հատվածում գործարար վարվելակերպի կանոնների կիրառման կարևորությանն ու հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։ 

  ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշեց, որ բանկային գործը կառուցվում է էթիկական մշակույթի, մասնավորապես՝ վստահության հիմքերի վրա, իսկ վստահությունն ամրագրվում է բանկերում վարվելակերպի կանոններով և էթիկական սկզբունքներով՝ որպես բանկային մշակույթի առանցք:

  «Բանկային գործարար վարվելակերպի կանոնագրքի նպատակն է ամրապնդել ու պահպանել բանկերի ու հաճախորդների միջև փոխադարձ վստահության ու հարգանքի մթնոլորտը, ամրապնդել միջբանկային առողջ հարաբերություները և խթանել ՀՀ բանկային համակարգում առողջ մրցակցային դաշտի բարելավմանը»,-նշեց ՀԲՄ գործադիր տնօրենը:

  Քննարկման շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը և միության վերլուծաբան Նելլի Այվազյանը ներկայացրեցին ՀԲՄ խորհրդի կողմից հաստատված Բանկային գործարար վարվելակերպի կանոնագրքի առանցքային սկզբունքները։ Բանախոսների փոխանցմամբ Կանոնագիրքն անդրադառնում է բարեվարքության կանոններին, բանկերի սոցիալապես պատասխանատու վարքագծին վերաբերող սկզբունքներին, առողջ ու բարեխիղճ մրցակցություն ապահովելու էթիկական նորմերին:

  Էթիկայի սկզբունքներով գործող հաճախորդ գործընկերներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին ընձեռնվող առավելություններից ՀԲՄ գործադիր տնօրենը մասնավորապես առանձնացրեց ֆինանսական միջոցների և ծառայությունների լայն շրջանակի հասանելիության, առավել բարենպաստ պայմաններով վարկավորման, ավելի բարդ ֆինանսական գործիքակազմից օգտվելու  հնարավորությունը:

 Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանն իր հերթին ներկայացրեց կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները ՓՄՁ-ներում՝ ընդգծելով բարեվարքության մշակույթի ինտեգրման հնարավորությունները, ինչպես նաև Կոլեկտիվ նախաձեռնությունների դերը: