Հայաստանի Բանկերի Միություն
Նվիրելով ժպիտ, սեր ու հոգատարություն․․․
Բանկային համակարգի կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն են կազմում սոցիալական նախաձեռնություններն ու ծրագրերը։
Ամանորի առթիվ ևս ՀՀ առևտրային բանկերն իրենց, աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների անունից միջոցներ են ուղղել բազմաբնույթ բերագործական նախաձեռնությունների իրականացմանը։ Դառնալով «գաղտնի ձմեռ պապ»՝ բանկերը Հայաստանի և Արցախի հարյուրավոր երեխաներին, պատանիներին ու նրանց ընտանիքներին պարգևել են ժպիտ, սեր ու հոգատարություն։
Առողջապահական ծրագրեր
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը ստացված աջակցությամբ Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի երեխայի համար ձեռք կբերի հրատապ բուժման համար անհրաժեշտ ամբողջ դեղորայքը։ Հիմնադրամին հատկացված մեկ այլ աջակցության շրջանակում անվճար վերականգնողական բուժում են ստանալու Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող երեխաները։
City of Smile բարեգործական հիմնադրամին հատկացված աջակցության շնորհիվ քաղցկեղ ունեցող 2 փոքրիկ կստանա ամբողջական բուժում։
Կրթական ծրագրեր
Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին փոխանցված նվիրաբերությունը կնպաստի զինհաշմանդամների սոցիալական վերաինտեգրմանը, ինչպես նաև տեղահանված արցախցիների ուսմանը, վերապատրաստմանն ու աշխատանքով ապահովելուն ուղղված նախագծերին։ Նվիրաբերությունը կօգնի, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները մասնակցեն իրենց նախընտրություններին ու ներուժին համապատասխանող կրթական ծրագրերի, իսկ երկրորդ փուլով՝ մասնագիտական խորացված կրթություն ստանան ու աշխատանք գտնեն։
Ամանորին ընդառաջ հաճելի անակնկալ էր սպասվում նաև պատերազմի թոհուբոհով անցած և «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու հանդիսացող 22 ուսանող երիտասարդների` ուսման տարեկան վարձավճարի աջակցության տեսքով։ Բանկերի կողմից ուսանողների համար առաջիկայում կհայտարարվի նաև նոր կրթական ծրագրերի մեկնարկի մասին։
«Թումոն Արցախի պատանիների» համար ծրագրով ստացված աջակցությամբ 12-18 տարեկան արցախցի պատանիները Թումոյի օգնությամբ իրենց ներուժը կբացահայտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Սոցիալական, մշակութային և ժամանցային ծրագրեր
«Ամանորի հեքիաթ` արցախցի փոքրիկների համար» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում հաստատված ընտանիքների ավելի քան 550 արցախցի երեխա ստացել է խնամքով ու հոգատարությամբ հավաքված փաթեթներ, որոնք ներառում էին գրքեր, զարգացնող խաղեր, խաղալիքներ, տոնածառ և այլն:
«Դարձիր Ձմեռ Պապ» ծրագրի շրջանակում Ամանորի նվերներ են ստացել և տոնական տիկնիկային ներկայացմանն են մասնակցել նաև Տավուշի մարզի սահմանապահ երկու բնակավայրի առաջին և երկրորդ դասարանցիները։ Բնակավայրերի դպրոցներին տրամադրվել են ժամանցային, բակային խաղեր ֆիզկուլտուրայի դասաժամերի անցկացման համար: Մեկ այլ ծրագրով իրականացվել են սահմանամերձ ավելի քան 160 երեխաների՝ Ձմեռ պապուն նախապես ուղղված նամակների ցանկությունները։ Գորիս համայնքի 11 մանկապարտեզների համար ձեռք են բերվել նոր խաղալիքներ ու զարգացնող խաղեր: 12 դպրոց էլ նվեր է ստացել մեկական համակարգիչ:
«Խաղալիքների հավաք» (Toy Drive) նախաձեռնության շրջանակում ձմեռային հեքիաթը վերածվել է իրականության նաև Կոտայքի մարզի 200-ից ավելի երեխաների և «Սոս Մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի շահառու երեխաների համար:
Հայաստանի երգի պետական թատրոնի Ամանորի տոնական մյուզիքլին այցելել է շուրջ 1500 երեխա։ Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոնում կազմակերպված ամանորյա «Սանտայի նվերները» ներկայացմանն այցելել է արցախցի 300 երեխա, որոնց համար պատրաստվել էին նաև անհատական նվերներ: Հովանավորել է նաև հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կայացած «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը։
Ֆինանսական միջոցներ են հատկացվել նաև Արցախից բռնի տեղահանված 100 ընտանիքի ձմռան հիմնական ծախսերը հոգալու համար՝ ներառյալ կոմունալ և բնակարանային ծախսերը: Օգնության շահառուներն ընտրվել են բանկի հաճախորդների՝ ամենաշատ ֆինանսական աջակցության կարիք ունեցողների ցանկից:
Առևտրային բանկերի կողմից նմանօրինակ նախաձեռնությունները կրում են շարունակական բնույթ, որոնց ուղերձը մեկն է՝ միասին քիչ-քիչ կարող ենք ամեն ինչ, ու թող որ բարի գործերը վարակիչ լինեն:
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։