Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Առևտրային բանկերի աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական ծառայությունների կենտրոնին

31.05.2022
Առևտրային բանկերի աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական ծառայությունների կենտրոնին

Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, Հայաստանի բանկերի միությունը հյուրընկալվեց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունում։

  Արդեն 24 տարի «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը Երևանում և Հայաստանի 3 մարզերում գործող կենտրոններում առանց տարիքային սահմանափակման վերականգնողական, սոցիալ-հոգեբանական, իրավախորհրդատվական և մասնագիտական կարողությունների զարգացման ծառայություններ է մատուցում շուրջ 1700 տեղաշարժման, տեսողության և մտավոր զարգացման խանգարումներ ունեցող անձանց:

  Նպատակ ունենալով բարելավել Երևանի կենտրոնի շենքային պայմանները՝ դեռևս ամիսներ առաջ կազմակերպությունը նախաձեռնել էր կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Ծանոթանալով կենտրոնի գործունեությանը՝ Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, որոշում կայացրեց ներդրում ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող կենտրոնի վերանորոգման աշխատանքներին՝ նվիրաբերելով անհրաժեշտ քանակի օդորակիչներ։

  Ինչպես նշում է ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը՝ իրենց կենտրոնների երկարամյա և արդյունավետ գործունեության երաշխավորները կազմակերպության բարեկամը դարձած այն աջակիցներն են, ովքեր աջակցում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը:

  «Ներկայում կենտրոնի տարածքը հնարավորինս հարմարեցված է տեղաշարժման և տեսողության խնդիրներ ունեցող անձանց անվտանգ տեղաշարժման համար, սակայն շահառուների հետ լիարժեք աշխատելու համար անհրաժեշտ են նաև շենքային հատուկ պայմաններ։ Այս հարցում մեր խնդրանքին արձագանքեց Հայաստանի բանկերի միությունը և բանկերի աջակցության շնորհիվ մեր վերակառուցվող կենտրոնն արդեն ապահովված է օդորակիչների անհրաժեշտ քանակով»,-նշեց «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը:

  Ծանոթանալով կենտրոնի գործունեությանը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը կարևորեց վերջինիս դերը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի համար հնարավորինս լիարժեք պայմաններ ապահովելու հարցում։

  «Երկու տասնամյակից ավելի այս կենտրոնն օգնության ձեռք է մեկնում հասարակության առավել խոցելի անձանց։ Անգնահատելի է մասնավորապես կենտրոնի շահառու մանկահասակ երեխաների հետ տարվող աշխատանքը, ովքեր կենտրոնի մասնագետների հոգատար և ճիշտ մոտեցման արդյունքում կարողնաում են հնարավորինս լիարժեք հաղորդակցվել  շրջապատի հետ։ Առևտրային բանկերը մշտապես իրականացնում են աջակցության տարբեր ծրագրերը և ուրախ եմ, որ այս անգամ ևս կարողացանք օգտակար լինել և աջակցել շատերի համար երկրորդ ընտանիք դարձած այս կենտրոնին»,-նշեց Սեյրան Սարգսյանը։

  «Լիարժեք կյանք» ՀԿ կատարած ՀԲՄ այցի շրջանակում կենտրոնի երեխաների համար կազմակերպվեց նաև ուրախ ժամանցային ծրագիր։

 

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն