Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովին
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի և Ուկրաինայի գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովին։
Կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումն ու ստեղծվող խորհրդի հետագա գործունեությունը՝ ՀԲՄ գործադիր տնօրենն իր խոսքում անդրադարձել է այն հիմնական հեռանկարային ուղղություններին, որոնց շրջանակում կարող են համագործակցել երկու երկրների ֆինանսական հատվածների կառույցները։
Հեռավար ձևաչափով անցկացվող հանդիպման ավարտին ստորագրվել է նաև Հայ-ուկրաինական գործարար խորհրդի հինադրման համաձայնագիրը։ Ըստ Համաձայնագրի՝ Խորհրդի նպատակներն են նպաստել Ուկրաինայի և Հայաստանի միջև տնտեսական զարգացմանն ու համագործակցությանը՝ խրախուսելով երկխոսությունը երկու երկրների ձեռնարկությունների միջև։ Նպատակներից է նաև Ուկրաինայի և Հայաստանի կառավարական կառույցների համար առաջարկությունների մշակումը, որոնք միտված կլինեն ուկրաինա-հայկական գործարար հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ ռազմավարությանն ու գործնական միջոցառումներին, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների որոնումներին։