Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ամփոփվեց «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը

17.01.2020
Ամփոփվեց «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը

Հայաստանի բանկերի միությունում կայացած միջոցառման շրջանակում ամփոփվեցին Միության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթի արդյունքները:

  Ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին գնահատել է լրագրողների կողմից մրցույթի շրջանակում 2019թ. ներկայացված ֆինանսաբանկային թեմաներով  հեռարձակված տեսանյութերը, ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլի հրապարակումները: Բացի այդ, մրցույթում ընդգրկվել էին նաև գնահատող հանձնախմբի մշտադիտարկմամբ ընտրված այլ աշխատանքներ: Հաղթող ճանաչված աշխատանքները ժյուրիի կողմից գնահատվել են՝ կարևորելով մրցույթի թեմաներին համապատասխանությունը, անկողմնակալ և համակողմանի մասնագիտական վերլուծությունը:

  Կարևորելով հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը միտված նախաձեռնությունների անհրաժեշտությունը՝ Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանն առանձնակի կարևորեց լրագրողական համայնքի դերն այս հարցում:

  «Այս ձևաչափով մրցույթ ՀԲՄ-ն կազմակերպում է առաջին անգամ, սակայն այն շարունակական կլինի։ Անչափ կարևոր է ունենալ ֆինանսապես գրագետ հասարակություն, և այդ գործում մենք ակնկալում ենք նաև լրատվամիջոցների ակտիվ մասնկացությունը։  Ձեր դերն իսկապես կարևոր է նաև Ֆինանսաբանկային համակագի զարգացման, ինչպես նաև ոլորտի խնդիրների վերհանման տեսանկյունից։ Ուստի հուսով ենք, որ մասնագիտորեն հիմնավորված և անկողմնակալ հրապարակումներն ու վերլուծությունները մեր մամուլում ավելի մեծ թիվ կկազմեն։ Այդ առումով ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել ՀԲՄ պատրաստակամությունը լրագրողական համայնքի և մասնավորապես տնտեսական լրագրողների հետ բաց և արդյունավետ համագործակցության առնչությամբ»,- նշեց  ՀԲՄ նախագահ Մհեր Աբրահամյանը: 

  Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշեց, որ մրցույթի նպատակը ֆինանսաբանկային համակարգի զարգացման միտումներն ու խնդիրները վերհանելու, դրանք հանրությանը մատչելի և մասնագիտորեն մեկնաբանված ներկայացնելուն է միտված:

  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր աշխատունակ բնակչության 80 տոկոսից ավելին առևտրային բանկերում ունեն հաշիվներ, կարելի է ենթադրել, որ համակարգին  վերաբերող զարգացումները պետք է հետաքրքրեն հանրության լայն շրջանակներին: Մրցութային նյութերը դիտարկելիս առիթ եղավ առնչվելու այնպիսի հրապարակումների, որոնք, թերևս, համապատասխանում էին մրցութային պայմաններին, սակայն, օրինակ, բանկային ոլորտի մասնագետների տեսանկյունից փոքր-ինչ բանավիճային էին: Այս փաստը թույլ է տալիս ենթադրել, որ այսուհետ մեր համագործակցությունը լրագրողական համայնքի հետք պետք է առավել սերտ և արդյունավետ լինի»,-ընդգծեց ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը;

  Այնուհետ կայացավ մրցույթի 4 անվանակարգերում հաղթողների մրցանակաբաշխությունը։ Ըստ այդմ, «Լավագույն վերլուծություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «ԱՐՄԻՆՖՈ» լրատվական գործակալության լրագրող Կարինա Մելիքյանը: «Լավագույն տեսանյութ» անվանակարգում մրցանակը հանձնվեց banksnews.am կայքի լրագրող Էդուարդ Մանուկյանին:

  «Լավագույն ռադիոհաղորդում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հանրային Ռադիոյի լրագրող Հասմիկ Դիլանյանի հաղորդումը: Իսկ «Ինքնատիպ վերլուծություն» անվանակարգում մրցանակը հանձնվեց 168.am կայքի լրագրող Վասակ Թարփոշյանին:

  Մրցութային անվանակարգերում հաղթող ճանաչված բոլոր լրագրողներին հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ:

 

ՀԻՇԵՑՈՒՄ

Մրցույթը կայացել է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակում:

 

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն