Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Կայացել է Հայաստանի բանկերի միության տարեկան ընդհանուր ժողովը

20.06.2019
Կայացել է Հայաստանի բանկերի միության տարեկան ընդհանուր ժողովը

2019 թվականի հունիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության տարեկան ընդհանուր ժողովը, որը վարել է միության  նախագահ Ա. Հանեսյանը:

  Միության կանոնադրությամբ սահմանված ամենամյա հերթական ժողովի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերի շրջանակներում ՀԲՄ գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը  հաշվետվություն է ներկայացրել 2018 թվականի ֆինանսական և ընթացիկ գործունեության վերաբերյալ:

  Գործադիր տնօրենի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն 2018 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի բանկերի միությունը աշխատանքներ է ծավալել  մի շարք ուղղություններով, որոնցից հատկապես առանձնացվել են՝ բանկային գործունեության կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները, բանկերին վերաբերող խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները, միջազգային փորձի ուսումնասիրությունները և վերջիններիս հիման վրա վերլուծությունների կատարումը, միջազգային կառույցների հետ համագործակցությունը, պետական, մասնավոր, հասարակական ամենատարբեր կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ շփումները, ներգրավվածությունը ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք հանձնաժողովներում, ինչպես նաև միության բնականոն գործունեության ապահովմանը միտված գործընթացները:

  Մանրամասնություններ են ներկայացվել հիշյալ ուղղություններում Հայաստանի բանկերի միության անմիջական նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ տեղի ունեցած բոլոր միջոցառումների, քննարկումների, հանդիպումների, սեմինարների և տարաբնույթ այլ ձևաչափերով իրականացված աշխատանքների վերաբերյալ:

  Այնուհետև Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը պատասխանել է միության խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերին ու անդրադարձ կատարել նաև նախորդ տարվա գործունեության արդյունքների հիման վրա մշակված և ընթացիկ տարում նախատեսված ծրագրերի ռազմավարական ուղղություններին:

  Հավելենք, որ առաջիկայի ռազմավարական ծրագրերում ներառված են միության շարունակական արդիականացման, գործառույթների հնարավոր թվայնացման, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի ասպարեզում նորովի մոտեցումների մշակման ու իրագործման գերակայությունները:

  Հաշվետու ժողովի ավարտին, սահմանված կարգի համաձայն, տեղի է ունեցել նաև Հայաստանի բանկերի միության վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն:

 

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն