Հայաստանի Բանկերի Միություն
Tert.am-ի անդրադարձը ՀՀ առևտրային բանկերի կողմից առաջարկվող «վարկային արձակուրդին»
![Tert.am-ի անդրադարձը ՀՀ առևտրային բանկերի կողմից առաջարկվող «վարկային արձակուրդին» Tert.am-ի անդրադարձը ՀՀ առևտրային բանկերի կողմից առաջարկվող «վարկային արձակուրդին»](https://uba.am/img/site_news/list/1584603234-0939.png)
«Վարկային արձակուրդի» ընթացքում հաշվեգրված տոկոսագումարները կհաշվարկվեն և կբաշխվեն մնացած ամիսների վրա: Այս մասին Tert.am-ի հետ հետ զրույցում ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: Նա անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում բանկային համակարգի կայունությանը, վարկերի տոկոսադրույքների մարման երկարաձգմանը և նշեց, որ բանկերը ունեն բավարար «օդային բարձիկներ» դիմակայելու տնտեսությունում հնարավոր կանխատեսվող սցենարների զարգացումներին: «Թեև մի կողմից մուտքերը բանկային համակարգ ժամանակավորապես հետաձգվում են, բայց բանկերն ունեն բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի սպասարկեն բոլոր ավանդատուներին»,-ասաց նա:
-Ինչպե՞ս եք գնահատում բանկերի կայունությունը ներկայումս, ինչպես պահպանել կայունությունը արտակարգ իրավիճակում:
-Մշտապես կապի մեջ լինելով մեր բնակչության հետ՝ մենք բազմիցս տեղեկացրել ենք, որ բանկային համակարգն ի վիճակի է դիմակայել շոկային իրավիճակներին: Ավելին՝ այս օրերին բանկերն աջակցում են և «ձեռք են մեկնում» իրենց հաճախորդներին՝ տրամադրելով «վարկային արձակուրդ»: Արդյունքում, սահմանված ժամկետներում վարկերի մարման հետ կապված խնդիրներ ունեցող բանկի հաճախորդներին հնարավորություն է տրվում առժամանակ չկատարել իրենց վարկերի հերթական մարումները` ներառյալ մայր գումարները և հաշվեգրված տոկոսները: «Վարկային արձակուրդի» ընթացքում հաշվեգրված տոկոսագումարները կհաշվարկվեն և կբաշխվեն մնացած ամիսների վրա:
-Ի՞նչ դժվարություններ կունենան բանկերը արտակարգ դրության արդյունքում և, մասնավորապես, ինչպե՞ս կանդրադառնա վարկերի մարման սառեցումը:
-Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում, բանկերի բոլոր մասնաճյուղերում խստորեն պահպանվում են Առողջապահության նախարարության և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ցուցումներն ու սանիտարահիգիենիկ պահանջները՝ ապահովելով բանկ այցելող հաճախորդների և աշխատակիցների անվտանգությունը: Այս հարցում մեր քաղաքացիներին կոչ ենք անում, և իրենց աջակցությունը կլինի նաև, եթե վճարումներ կատարելիս օգտվեն անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաև որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Ինչ վերաբերվում է վարկերի մարման հետաձգմանը, ապա դա կառավարելի գործընթաց է: Թեև մի կողմից մուտքերը բանկային համակարգ ժամանակավորապես հետաձգվում են, բայց բանկերն ունեն բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի սպասարկեն բոլոր ավանդատուներին: Յուրաքանչյուր բանկ վերլուծության և հաշվարկի արդյունքում է, որ որոշում է կայացրել հանդես գալ վճարների հետաձգման նախաձեռնությամբ: Միևնույն ժամանակ բոլոր այն հաճախորդներին, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն:
-Ընդդիմությունից հնչում են տեսակետներ, որ ոչ թե պետք է բանկերը անհատական մոտեցում ցուցաբերեն հաճախորդների նկատմամբ, այլ բոլորի վարկային պարտավորությունները հետաձգեն:
-Նախ ցանկանում եմ նշել, որ այս մոտեցումը վերաբերվում է հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ և հարակից բիզնեսների ոլորտներում գործող՝ բանկերի իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը: Այսինքն՝ անհրաժեշտ է գնահատել, այդյոք ֆինանսական իրավիճակի վատթարացումը պայմանավորված է համաճարակի ազդեցությամբ: Մյուս կողմից չեմ կարծում, որ բոլոր վարկառուները կցանկանան հետաձգել մարումները, քանի որ միևնույնն է պարտքի մնացորդի վրա է հաշվարկվում տոկոսադրույքը, հետևաբար այն անձինք, որոնք կարող են սպասարկել իրենց վարկերն ավելի նախընտրելի կլինի դրանք իրականացնեն սահմանված ժամանակացույցի համաձայն: Բացի այդ, ստեղծված իրավիճակը տարբեր հաճախորդների վրա տարբեր չափի ազդեցություն է ունեցել, հետևաբար ճիշտ է անհատական մոտեցում ցուցաբերել:
-Հաշվի առնելով, որ տնտեսությունը նույն շարժը չի ունենա, հնարավո՞ր է բանկերը չդիմանան այդ պայմաններին:
-Բանկերը ռիսկեր կառավարող կառույցներ են, հետևաբար ունեն բավարար «օդային բարձիկներ»՝ դիմակայելու տնտեսությունում հնարավոր կանխատեսվող սցենարների զարգացումներին: Բացի այդ, բանկային համակարգն ունի նշանակալի դեր և կարողություն, որպեսզի իր պատասխանատու գործունեությամբ նպաստի տնտեսության բարելավմանը:
-Պետության կողմից ինչպիսի՞ միջամտության անհրաժեշտություն եք տեսնում:
-Պետք նշել, որ ՀՀ Կենտրոնական բանկն արդեն իսկ իրականացրել է մի շարք կարգավորումների փոփոխություններ, որոնք հնարավորություն տվեցին բանկերին ավելի լայնամասշտաբ միջոցառումներ իրականացնել վարկերի մարումների հետաձգումների մասով: Այլ միջամտությունների անհրաժեշտությունը կախված կլինի իրավիճակի հետագա հնարավոր զարգացումներից:
Հեղինակ` Լիանա Առաքելյան
Նմանատիպ նորություններ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։
Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։