Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Կոչ ենք անում զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից. ՀԲՄ

20.04.2020
Կոչ ենք անում զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից. ՀԲՄ

  Բանկային ոլորտը, ելնելով իր գործունեության առանձնահատկություններից, հանրության լայն շերտերի համար գործունեություն իրակացնելով, ինչպես նաև երկրի և տնտեսության համար կենսական նշանակություն ունենալով, առավելագույնս կանոնակարգված է և խիստ վերահսկվող: Ավելին, բանկային համակարգը լիովին  թափանցիկ է, և համակարգին վերաբերող բնակչությանն անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակային է․ ոլորտի մասնագետները պարբերաբար ներկայացնում են հանրամատչելի տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության տրամադրելով համապատասխան պարզաբանումներ` թվերով ու փաստերով հիմնավորված:

  Միևնույն ժամանակ բանկային համակարգը մշտապես եղել է և կլինի անհիմն քննադատությունների և ապատեղեկատվության թիրախ՝ երբեմն պայմանավորված  ֆինանսական գրագիտության պակասով, իսկ երբեմն էլ առկա կամ ենթադրյալ խնդիրները ոմանց կողմից պարզապես շահարկվում են բնակչության մի մասի շրջանում այլևայլ նպատակներով  «միավորներ»  հավաքելու նպատակով:

  Ակնհայտ է, որ տնտեսական և ֆինանսական ճգնաժամերի  պայմաններում բանկային համակարգը ողջ աշխարհում հայտնվում է ուշադրության կենտրոնում, դառնում ավելի զգայուն, որոշակի առումով էլ՝ խոցելի, իսկ բնակչության մեծամասնության համար համակարգին առնչվող խնդիրները ստանում են առաջնային նշանակություն:

  Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերջին շրջանում ԶԼՄ-ներում կրկին ակտիվացել են հրապարակումները ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ։ Երկար տարիների ընթացքում ձեռք բերված դրական արդյունքների վրա փորձում են ստվեր նետել այնպիսի «փորձագետներ», ովքեր ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ չեն, այլև որոշ դեպքերում չեն տիրապետում անգամ համակարգային տարրական գիտելիքների։ Փոխարենը, օգտվելով լրատվամիջոցների և այլ հարթակների՝ իրենց ընձեռած հնարավորությունից, նրանք հայտնում են իրենց ոչ մասնագիտական կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ՝ հանրության մի մասին ապատեղեկացնելով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, որոշ դեպքերում սխալ սպասումներ ձևավորելով, նրանց շեղելով առկա խնդիրներին իրական լուծումներ գտնելու ուղիներից։

 Ըստ այդմ, կոչ ենք անում առկա իրավիճակում զերծ մնալ անհիմն շահարկումներից, ոչ մասնագիտական գնահատականներ տալուց և  «վերլուծություններ» հնչեցնելուց։

  Մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս՝ ձեզ հուզող, անհրաժեշտ և որակյալ  տեղեկատվությունը ստանալու համար լսեք ոլորտի մասնագետների կարծիքը, հետևեք նրանց խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում դիմեք նաև ձեզ սպասարկող բանկ: Դա է թյուրիմացություններից խուսափելու, ճիշտ որոշում ընդունելու միակ ու նաև շահեկան ուղին:

 

 Հ.Գ.  Սույն հայտարարության առիթը, մասնավորապես,  ս.թ. ապրիլի 13-ին 5 TV Channel-ով հեռարձակվող «Խառը տնտեսություն» հաղորդման թողարկումն էր, որի հյուրը՝ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը, հնչեցրեց ոչ մասնագիտական գնահատականներ ֆինանսական կառույցների կողմից գյուղոլորտին առաջարկվող բանկային ծառայությունների վերաբերյալ։

 

Նմանատիպ նորություններ

Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
30.08.2024

Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։

ՀԲՄ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահի հետ
ՀԲՄ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահի հետ
29.08.2024

Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։

«Seaside Startup Summit»-ում խարույկի շուրջ Հայաստանի բանկային համակարգի ապագան ու տնտեսական առաջընթացն են
«Seaside Startup Summit»-ում խարույկի շուրջ Հայաստանի բանկային համակարգի ապագան ու տնտեսական առաջընթացն են
29.07.2024

  Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ, ներդրումային բիզնեսի տնօրեն Դավիթ Սարգսյանը Seaside Startup Summit-ում խարույկի շուրջ էին հավաքել երիտասարդ startuper-ներին և ինտերակտիվ հարց ու պատասխանի ընթացքում ներկայացրին հայաստանյան բանկային համակարգը, խոսեցին տնտեսության զարգացումից և կրիպտոակտիվներից։