Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

«Հայաստանի Բանկերի Միության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով դրվեց փոխշահավետ համագործակցության նոր սկիզբ». ՀԲՄ գործադիր տնօրեն

23.06.2021
«Հայաստանի Բանկերի Միության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով դրվեց փոխշահավետ համագործակցության նոր սկիզբ». ՀԲՄ գործադիր տնօրեն

  Բանկային համակարգի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղ աշխատանքային հանդիպում-քննարկումների և ձեռք բերված պայմանավորվածություների արդյուքում՝ Հայաստանի Բանկերի Միության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ստորագրվեց համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

  Ստորագրման արարողությանը մասնակցեցին ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը, գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, տեղակալներ Լևոն Բալյանը, Արամ Կարախանյանը, Արթուր Վարդանյանը:

  Հուշագրի նպատակն է հանդես գալ կատարողական վարույթին առնչվող խնդիրների լուծմանն ուղղված համատեղ նախաձեռնություններով:

  «Բանկերը բավականին մեծ փոխգործակցության դաշտ ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ և վստահ եմ, այսօր կնքված հուշագիրն ավելի արդյունավետ կդարձնի մեր հետագա համագործակցությունը:  Հուշագիրը կողմերի համար ստեղծում է հարթակ, որն այսուհետ հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով քննարկել և լուծումներ տալ օրենսդրության դրույթների կիրարկմանը, տեխնոլոգիական նորագույն լուծումների ներդրման միջոցով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակմանն ու հետագա համագործակցությանն առնչվող հարցերին»,-նշել է ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը:

  Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի փոխանցմամբ՝ ստորագրված հուշագրի շրջանակներում էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով կստեղծվեն նախադրյալներ, որոնց կիրառման արդյունքում Ծառայության գործունեությունը հանրության համար կդառնա առավել թափանցիկ և ըմբռնելի։

  «Համատեղ այս նախաձեռնությունը կարևոր ձեռքբերում է Ծառայության և Հայաստանի բանկերի միության միջև համագործակցությունը նոր փուլ տեղափոխելու առումով։ Վստահ եմ՝ Հուշագրում ամրագրված դրույթների ուղղությամբ մեր համագործակցությունը շոշափելի կլինի արդեն մոտ ապագայում», - նշել է Սերգեյ Մեղրյանը:

  Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել կատարողական վարույթների որոնման ժամանակակից համակարգ, ինչը հնարավորություն կտա արագ, առցանց եղանակով ստանալ տեղեկատվություն հարուցված կատարողական վարույթների և դրանց ընթացքի վերաբերյալ:

  «Այսօր ստորագրված փաստաթղթով մեր կառույցների միջև դրվեց փոխշահավետ համագործակցության նոր սկիզբ: ՀՀ առևտրային բանկերն՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, իրենց պատրաստակամությունն են հայտնում  մասնակցել մի  նախաձեռնության, որի նպատակն է ստեղծել  ՀՀ-ում գործող առևտրային բանկերի և նրանց հաճախորդների շահերի և անձնական տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ, ապահովել առևտրային բանկերի մասնակցությամբ կատարողական վարույթների թափանցիկությունը և նպաստել վարույթների արդյունավետության և Ծառայության հաշվետվողականության բարձրացմանը»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

  Փոխըմբռնման հուշագրի նպատակներից ելնելով՝ հանդիպման շրջանակներում ստորագրվեց նաև պայմանագիր՝ ՀԲՄ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ժամանակակից ավտոմատացված ծրագրային համակարգը ստեղծող մասնագիտացված կառույցի միջև:

  Ծրագրի իրականացման և մատուցված ծառայությունների ձեռքբերման համար ՀԲՄ կտրամադրի անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը:

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն