Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Վարկերի տոկոսների սառեցման առաջարկը վտանգավոր է և անընդունելի

15.04.2020
Վարկերի տոկոսների սառեցման առաջարկը վտանգավոր է և անընդունելի

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի անդրադարձը կորոնավիրուսով (COVID 19) պայմանավորված բանկային համակարգի  գործունեությանն ու համակարգի կողմից իրականացվող աշխատանքներին։

1 Պրն. Սարգսյան, ինչպե՞ս են բանկերը ստեղծված պայմաններում կազմակերպում իրենց աշխատանքները և հաճախորդների սպասարկումը։

-  Պետք է նշեմ, որ վերջին տարիներին բանկային համակարգում կատարվել են լուրջ ներդրումներ, որոնք ուղղված են եղել բանկերի արդիականացմանն ու նոր գործիքակազմի ձևավորմանը, ինչի շնորհիվ էլ այսօր բավականին կառավարելի և վերահսկելի է դառնում բանկերի կողմից հեռավար ծառայությունների մատուցումը և հաճախորդների սպասարկումը՝ դարձնելով այն մաքսիմալ անվտանգ թե՛ բանկի աշխատակիցների և թե՛ հաճախորդների համար։  Մեր բոլոր բանկերն էլ պարբերաբար դիմում են իրենց հաճախորդներին և հորդորում  զերծ մնալ բանկի մասնաճյուղեր  այցելելուց և փոխարենը նախապատվությունը տալ բանկային ծառայություններից օգտվելու հեռահար եղանակներին։ Ըստ այդմ` ևս մեկ անգամ կոչ եմ անում հնարավորինս հաճախ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և բանկային օնլայն ծառայություններից, վճարումները իրականացնել անկանխիկ կերպով, ինչը մասնավորապես ներկա պայմաններում թույլ կտա նվազեցնել ֆիզիկական շփումը և կանխարգելել կորոնավիրուսի տարածումը:  

 

2 Ինչպե՞ս են ընթանում  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության այն ծրագրերը, որոնք իրականացվում են բանկերի միջոցով։

- Ստեղծված պայմաններում ՀՀ առևտրային բանկերը շարունակում են  բնականոն հունով ֆինանսավորել պետության աջակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերը: Անդրադառնալով Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 1-ին և 2-րդ  ծրագրերի ընթացիկ արդյունքներին  կարող եմ նշել, որ մասնավորապես առաջին՝ փոքր ու միջին ձեռնարկություններին վերաբերող ծրագրով  ընդհանուր հաստատված վարկերի քանակն այս պահի դրությամբ կազմում է 214, ծավալը՝ 9 մլրդ 715 մլն դրամ: Ընդ որում՝ նշված վարկային ռեսուրսներից 828 մլն 500 հազար դրամն ուղղվելու է 2055 աշխատակցի աշխատավարձերի վճարմանը։ Մյուս միջոցառման շրջանակում, որը վերաբերում է գյուղատնտեսությանը,  հաստատվել է 770 վարկային հայտ, որից գյուղատնտեսության ոլորտին տրամադրված միկրովարկերի քանակը կազմում է 479։ Հաստատված վարկային գումարի ծավալը 1 մլրդ 844 մլն դրամ է, որից գյուղոլորտին արդեն իսկ հատկացված վարկային ռեսուրսների ծավալը կազմում է 346.5 մլն դրամ։ ԿԲ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ 479 հաստատված գյուղվարկերի մեծ մասն արդեն իսկ ծառայում է նպատակին և ներդրվել է տնտեսության մեջ։ 

Ստեղծված պայմաններում բանկերը պատրաստ են հանդես գալ որպես միջնորդ կառավարության և բնակչության միջև, ցուցաբերելով իրենց աջակցությունը՝ ստեղծված վիճակը միասին հաղթահարելու նպատակով։ Այս կերպ բանկերը կօգնեն  ոչ միայն հաղթահարել առկա դժվարությունները, այլև հետագայում նպաստել  վերոնշյալ ոլորտների (ՓՄՁ և գյուղոլորտ) զարգացմանը։

 

 3. Վերջին շրջանում ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից շրջանառվում է վարկերի տոկոսների սառեցման առաջարկը։ Որքանո՞վ է դա իրատեսական և ի՞նչ ռիսկեր է ենթադրում։

-  Նման նախաձեռնությունը բավականին վտանգավոր է և անընդունելի։ Բանկային գործի էությունը կայանում է նրանում, որ բանկերը, ստանալով տոկոսագումարներ վարկերի դիմաց, դրա մի մասն էլ իրենց կողմից ուղղում են տոկոսագումարների վճարմանն ավանդատուներին։ Այսօր ՀՀ բանկային համակարգում ունենք հարյուր հազարավոր ավանդատուներ, որոնց նկատմամբ բանկերն ունեն պարտավորություններ։ Վարկերի տոկոսների սառեցումը անմիջականորեն իր մեջ ռիսկ է պարունակում նաև հենց ավանդատուներին վճարվելիք տոկոսագումարների տեսանկյունից, ինչը վերջին հաշվով բավականին ռիսկային է ՀՀ ամբողջ ֆինանսական համակարգի կայունության տեսանկյունից։ Արդյունքում ստացվում է, որ եթե նման նախաձեռնությունն անգամ օգնի բնակչության մի հատվածին, ապա կարող է նաև լրջագույն վնաս հասցնել մյուս հատվածին, ավելի կոնկրետ՝ բանկերի հաճախորդ հանդիսացող ավանդատուներին։

Մյուս կողմից, նման նախաձեռնությունը նաև որոշակի առումով անհիմն է։ Տեսեք, եթե վարկառուն ֆիզիկական անձ է կամ կորոնավիրուսի հետևանքով տուժած իրավաբանական անձ, ապա այսօր արդեն իսկ առկա են վարկերի վերանայման, վճարումների հետաձգման բազմաթիվ հնարավորություններ, որոնց մասին բազմիցս հայտարարել են թե՛ առևտրային բանկերը, թե՛ Կենտրոնական բանկը։ Հակառակ դեպքում, այսինքն եթե իրավաբանական անձն այնպիսի ոլորտում է գործում, որը շարունակում է իր բնականոն աշխատանքները և ստանում է իր նորմալ եկամուտները նույնիսկ հայտարարված արտակարգ դրության պայմաններում, ապա նման վարկառուների համար վարկերի տոկոսների սառեցումը որևէ ֆինանսական հիմնավորվածություն իր մեջ չունի։

Պետք է շեշտեմ, որ այդ քայլը նաև խնդիրներ կստեղծի բանկերի գործընկեր տեղական և միջազգային կառույցների համար։ Որպես հետևանք՝ կտրուկ կնվազեն  վարկավորման ծավալները։ Վարկավորման շարունակումը անչափ կարևոր է, որպեսզի անձիք կարողանան հաղթահարել ժամանակավոր դժվարությունները։

Ի վերջո, ստեղծված իրավիճակը հաղթահարելուն ուղղված քայլեր նախաձեռնելիս, անհրաժեշտ է մտածել նաև համակարգի կայունության մասին։ Իսկ նման առաջարկի ընդունումը կարող է հանգեցնել այնպիսի լուրջ խնդիրների, որոնց հաղթահարման համար կպահանջվի ավելի երկար ժամանակ, քան այս ճգնաժամի ժամանակահատվածը։

Անդրադառնալով նմանօրինակ առաջարկ-նախաձեռնություններին, հարկ եմ համարում նաև նշել, որ շատ լուրջ պետք է ուսումնասիրվեն և վերլուծվեն մասնավորապես այս ժամանակահատվածում ներկայացվող օրենսդրական փոփոխություններին վերաբերող նախաձեռնությունները։ Կարծում եմ, որ բոլոր նախաձեռնությունները, մինչև ընդունումը, պետք է անցնեն բազմակողմանի քննարկումներ, քանի որ հաճախ հանդիպում ենք այնպիսի նախաձեռնությունների, որոնք ոչ միայն չեն օգնի, այլև վնաս կհասցնեն և մեր քաղաքացիներին, և համակարգի կայունությանը։

Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ է շտապ նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք առավելագույնս կբարելավեն և կկարգավորեն հեռահար ծառայություններ մատուցելը։

 

 

 ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

Հիմնական ցուցանիշների մասով բանկերն արձանագրել են աճ
Հիմնական ցուցանիշների մասով բանկերն արձանագրել են աճ
02.06.2020

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի անդրադարձը կորոնավիրուսով (COVID 19) պայմանավորված բանկային համակարգի  գործունեությանն ու համակարգի կողմից իրականացվող աշխատանքներին։

Արվում է առավելագույնը վարկառու հաճախորդներին աջակցելու և ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով․ ՀԲՄ նախագահ
Արվում է առավելագույնը վարկառու հաճախորդներին աջակցելու և ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով․ ՀԲՄ նախագահ
14.05.2020

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի անդրադարձը կորոնավիրուսով (COVID 19) պայմանավորված բանկային համակարգի  գործունեությանն ու համակարգի կողմից իրականացվող աշխատանքներին։

Վարկային արձակուրդ է տրամադրվել   470 հազ. ֆիզիկական և 14.6 հազ. իրավաբանական անձանց
Վարկային արձակուրդ է տրամադրվել 470 հազ. ֆիզիկական և 14.6 հազ. իրավաբանական անձանց
28.04.2020

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի անդրադարձը կորոնավիրուսով (COVID 19) պայմանավորված բանկային համակարգի  գործունեությանն ու համակարգի կողմից իրականացվող աշխատանքներին։