Հայաստանի Բանկերի Միություն
Կայացավ «Banking on Nature in Armenia» աշխատաժողովը

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «Banking on Nature in Armenia» խորագրով մասնագիտացված աշխատաժողովը՝ ՀՀ առևտրային բանկերի, ոլորտի փորձագետների և միջազգային գործընկերների մասնակցությամբ։
Աշխատաժողովի նպատակն էր խթանել ֆինանսական համակարգի դերակատարումը կենսաբազմազանության պահպանման գործում՝ զարգացնելով մասնակիցների մասնագիտական կարողությունները ոլորտի նորագույն մոտեցումների վերաբերյալ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ներդրումային նոր հնարավորություններ և ֆինանսական նորարարական գործիքներ, որոնք միտված են բնության վրա դրական ազդեցություն ունեցող նախագծերի ֆինանսավորմանը։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհը բախվում է բնապահպանական մարտահրավերներ համարվող կլիմայական փոփոխության, շրջակա միջավայրի վատթարացման և կենսաբազմազանության կորուստի հետ, և այս համատեքստում առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ ֆինանսական հատվածը հանդես գա ոչ միայն որպես ռիսկերը գնահատող ու կառավարող, այլ նաև որպես ակտիվ դերակատար կայուն զարգացման գործընթացներում։









