Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայտնի են ԵՊՀ ուսանողների համար հայտարարված հետազոտական էսսեների մրցույթի հաղթողները

28.03.2025
Հայտնի են ԵՊՀ ուսանողների համար հայտարարված հետազոտական էսսեների մրցույթի հաղթողները

  Հայաստանի բանկերի միության և ԵՊՀ ուսանողական խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նախորդ տարի հայտարարվեց հետազոտական էսսեների մրցույթ հետևյալ թեմաներով՝

 

-         էլեկտրոնային վճարումների և բանկային քարտերի ապագան․ բանկերի տրանսֆորմացիան,

-         թվային տեխնոլոգիաների փոխակերպման ազդեցությունը բանկային համակարգի վրա,

-         բանկային միջավայրի բարելավման նախագծերը։

 

  Մրցույթին մասնակցել է ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ավելի քան 100 ուսանող։

  Հաջորդիվ ՀԲՄ-ում կայացած հանդիպմանը մրցույթի առաջին փուլը հաղթահարած ուսանողները հանդես եկան թեմատիկ ելույթներով, ներկայացրեցին իրենց աշխատանքների բովանդակությունը, այնուհետև անհատապես գնահատվեցին ժյուրիի կողմից։

  Նշենք, որ մրցութային հայտերը գնահատել է ՀԲՄ և առևտրային բանկերի ներկայացուցիչներից կազմված ժյուրին՝ յուրաքանչյուր անվանակարգի համար նախապես սահմանված չափորոշիչների համաձայն։

  Ըստ այդմ՝ մրցույթի «Էլեկտրոնային վճարումների և բանկային քարտերի ապագան․ բանկերի տրանսֆորմացիան» թեմայով ներկայացված լավագույն էսսեի համար առաջին մրցանակը հանձնվեց  Աննա Գասպարյանին՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհուն։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Անգելինա Խլղաթյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի և Մերի Կարապետյանը՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ 1-ին կուրսի ուսանողուհի։

  «Թվային տեխնոլոգիաների փոխակերպման ազդեցությունը բանկային համակարգի վրա» թեմայով ներկայացված լավագույն էսսեի համար հաղթող ճանաչվեց Վահե Ասատրյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արթուր Դավթյանը՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, երրորդը՝ Արեն Նասիբյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող)։

  «Բանկային միջավայրի բարելավման նախագծեր» թեմայով ներկայացված էսսեների համար առաջին և երկրորդ տեղերի համար հաղթող չի ընտրվել։ Երրորդ հորիզոնականը կիսեցին Հրաչ Խալաթյանը՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող և Մանե Մամյանը` Արևելագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող։

  Մրցութային անվանակարգերի 8 հաղթողներին ՀԲՄ-ի կողմից հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ: Առևտրային բանկերը ևս սահմանել էին հատուկ և խրախուսական մրցանակներ։

  Ամփոփելով և շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն ուսանողներին հորդորեց մշտապես ինքնակրթվել և շարունակաբար զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները։

  «Ձեր նպատակներին հասնելու համար կարևոր է ոչ միայն շարունակական կրթությունն ու ինքնակատարելագործումը, այլև մեծ երազանքներ ունենալը։ Ցանկացած մեծ նպատակի ճանապարհին կարող են լինել դժվարություններ, սակայն կրթված անձը, ով ունի մեծ երազանքներ ու ձգտումներ, արդյունքում հասնում է հաջողության»,-նշել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։