Union of Banks of Armenia
Բանկային աշխատողի օրը՝ պատանի տաղանդների ընկերակցությամբ
Բանկային աշխատողի օրվա առթիվ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կայացավ դասական երաժշտության տոնական համերգը։ Համերգին ելույթ ունեցան «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Տալենտում կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուները։ Պատանի տաղանդների կատարմամբ հնչեցին հայ և օտարազգի համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ գունեղ երանգ հաղորդելով համերգային երեկոյին։
Ներկաներին ուղղված ՀԲՄ շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված էր․ «Այսօր հպարտությամբ ենք նշում, որ տասնամյակներ շարունակ դիմակայելով ներքին և արտաքին գործոններով պայմանավորված փորձություններին՝ բանկային համակարգը բազմիցս է ապացուցել, որ կայացած է, մրցունակ, հուսալի ու վստահելի։ Այս ամենի կողքին հպարտորեն նաև փաստում ենք, որ տարիների կայացման ու զարգացման ճանապարհը բանկերին հաջողվել է անցնել իրենց աշխատողների մասնագիտական բարձր որակների և ամենօրյա եռանդուն ու նվիրված աշխատանքի շնորհիվ։ Շնորհավորելով բանկային համակարգի աշխատողիներին՝ մաղթում ենք քաջառողջություն, մասնագիտական ձեռքբերումներ և արդյունավետ աշխատանքային գործունեություն»:
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի փոխանցմամբ` տոնական համերգային ծրագիրը յուրօրինակ նվեր էր բանկային համակարգի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ։
«Տալենտում ծրագրի բոլոր կրթաթոշակառուների և անձամբ իմ անունից շնորհավորում ենք մասնագիտական տոնի՝ Բանկային աշխատողի օրվա առթիվ, և ցանկանում նշել, որ Հայաստանի բանկերի միության և բանկերի հետ ձեռք բերված համագործակցության շնորհիվ է հնարավոր դառնում շարունակել Հայաստանի պատանի տաղանդների համար այդքան կարևոր կրթական և զարգացման Talentum ծրագիրը: Լիահույս եմ, որ բանկային համակարգի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի և կունենա արդյունավետ շարունակություն: Իսկ դա հնարավորություն կընձեռի Talentum կրթական և զարգացման ծրագրին ընդգրկել ավելի շատ տաղանդավոր պատանիների՝ ի նպաստ վաղվա Հայաստանի մշակութային զարգացման»,- նշում է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։
Տոնական երեկոյի ավարտին Հայաստանի բանկերի միությանը հանձնվեց շնորհակալագիր՝ ի նշան «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի և առևտրային բանկերի հետ հաստատված համագործակցության։
Related news
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։