Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ներկայացվել է «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով միջոցառումների ծրագիրը

23.08.2019
Ներկայացվել է «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով միջոցառումների ծրագիրը

  Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագիրը` հիմքում ունենալով Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության դրույթները:

  Հայաստանի բանկերի միությունը ծրագիրն իրականացնում է ՀՀ առևտրային բանկերի և մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

  Հիշյալ ծրագիրը ներկայացնելու և հասարակության առավել լայն շերտեր ներգրավելու նպատակով հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում ՀԲՄ նախագահ Ա. Հանեսյանն ու ՀԲՄ գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը անդրադարձ են կատարել այս նախաձեռնության նպատակային շեշտադրումներին, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների բովանդակային ուղղություններին:

  ՀԲՄ նախագահ Ա. Հանեսյանը կարևորելով հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված աշխատանքները՝ նշել է, որ «Այս ասպարեզում իրականացվող գործընթացները մեծապես նպաստում են ֆինանսական  համակարգում խնդրահարույց իրավիճակների նվազեցմանը, հաճախորդների ու բանկային համակարգի իրավահարաբերությունների առավել բարելավմանը: Եվ համապատասխան գիտելիքները հատկապես անհրաժեշտ են անձնական ֆինանսների կառավարման գործում ճիշտ  որոշումներ կայացնելու և բարեկեցություն ապահովելու  համար»:

  Ի հավելումն ասվածի ՀԲՄ գործադիր տնօրեն Ս. Սարգսյանն իր խոսքում ընդգծել է, որ  «ֆինանսներն, առհասարակ, օգնում են հասնակալ, թե ինչպիսի նպատակներ կարելի է իրականացնել, իսկ ֆինանսական գրագիտությունն օգնում է ավելի արագ իրականացնել նպատակները՝ ֆինանսներն արդյունավետ կառավարելու շնորհիվ»:

  Հրապարակված տեղեկատվության համաձայն հանրային միջոցառումների ծրագրում ներառված երկու կարևորագույն ձեռնարկներ արդեն իսկ իրականացվել են. Հայաստանի բանկերի միության և տնտեսական լրագրողների ակումբի կողմից համատեղ կազմակերպվել է լրագրողական երկամսյա սեմինարների շարք, ինչպես նաև կազմակերպվել է  Արցախի տարբեր շրջանների երեխաների ամառային հանգիստը Լոռու մարզում, որն ուղեկցվել է ֆինանսական գրագիտությանն ուղղված տարաբնույթ նախաձեռնություններով:

  Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ մեկնարկած «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով ծրագրի հիմնական միջոցառումները նախատեսված են աշնան ամիսներին ու ընդգրկելու են մի շարք նշանակալի ակցիաներ՝ ֆինանսական դասընթացներ, «Բաց դռների օր» նախաձեռնություն բանկային մասնաճյուղերում, «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների, ինչպես նաև «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթներ և այլն:

  Նախատեսվում է իրականցնել նաև «Խնայողությունների համաշխարհային օր» հանրային ընդգրկուն քարոզարշավ,  ունենալ Ֆինանսական գրագիտության վերաբերյալ բազմաթիվ միջոցառումներ:

  Ծրագրի ավարտին կազմակերպվելու է «Տարվա լավագույն տնտեսական հրապարակում» խորագրով մրցանակաբաշխություն և Բանկային աշխատողի օրվա շրջանակներում մրցանակների հանձնում տարվա ընթացքում ֆինանսա-բանկային և տնտեսական թեմաներով լավագույն վերլուծական հրապարակումների հեղինակ տնտեսական լրագրողներին:

  ՀԲՄ նախագահ Ա. Հանեսյանն ու ՀԲՄ գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը ասուլիսի շրջանակներում պատասխանել են նաև բանկային համակարգի գործունեության մանրամասներին  վերաբերող մի շարք հարցադումների, ինչպես նաև հավաստել, որ ներկայացված ծրագիրը լինելու է  շարունակական և հետագա տարիներին ունենալու է  առավել ընդգրկուն միջոցառումներ:

 

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն



Հեռուստաընկերությունների կողմից պատրաստված ռեպորտաժները մամուլի ասուլիսի վերաբերյալ


«Հանրային» հեռուստաընկերություն

 

«Արմենիա» հեռուստաընկերություն