Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Աշխատանքային քննարկում՝ «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները» թեմայով

09.08.2019
Աշխատանքային քննարկում՝ «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները» թեմայով

  Կարևորելով Հայաստանում արբիտրաժի զարգացումը և այս ոլորտում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև շահագրգիռ կառույցների մասնակցությունը ոլորտի զարգացման գործում՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ օգոստոսի 8-ին տեղի է ունեցել «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները» թեմայով աշխատանքային քննարկում:

  Փոխնախարարը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընդգծել է, որ նման ձևաչափով մասնագիտական քննարկումը նպատակ ունի բացահայտելու ոլորտում մասնագիտացած ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկները ոլորտի զարգացման համատեքստում, որոնց ամփոփումը հնարավորություն կընձեռի  ստեղծել վստահելի, կենսունակ և արդյունավետ արբիտրաժային հաստատություն, ինչն էականորեն կբեռնաթափի դատական համակարգի ծանրաբեռնվածությունը:

  Հանդիպման  ընթացքում քննարկվել են արբիտրաժային օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել ինստիտուցիոնալ և պրոֆեսիոնալ արբիտրաժային կենտրոնների ստեղծման հնարավորություններին, վեճի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև քննարկվել են «Ֆինանսական համակարգում արբիտրաժային հաստատության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծի հիմնական ուղղությունները:

  Հաջորդիվ, տեղի է ունեցել մասնակիցների դիտարկումների և առաջարկությունների քննարկում:

  Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ՝ Բարձրագույն դատական խորհրդից, Կենտրոնական բանկից, Բանկերի միությունից, Հայկական բարեգործական ընդհանուր միությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ինչպես նաև փաստաբաններ, արբիտրներ, դասախոսներ, իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչներ,  ԱԺ պատգամավորներ, այլք:

 

ՀՀ Արդարադատության նախարարության

www.moj.am պաշտոնական կայք