Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Զգոն եղեք և պահպանե՛ք ֆինանսական անվտանգության կանոնները. ՀԲՄ

05.05.2023
Զգոն եղեք և պահպանե՛ք ֆինանսական անվտանգության կանոնները. ՀԲՄ

  Հաշվի առնելով, որ ֆինանսական համակարգում պարբերաբար ակտիվանում են ֆինանսական զեղծարարության տարբեր դեպքերը, ևս մեկ անգամ հորդորում ենք զգոն լինել և պահպանել բանկային տվյալների օգտագործման անվտանգության կանոնները:  

  ՀԻՇԵՔ՝ առևտրային բանկերն անում են առավելագույնն իրենց հաճախորդների հաշիվների ու քարտերի անվտանգությունն ապահովելու համար: Սակայն այդ հարցում առավելագույն արդյունքի ապահովումն առաջին հերթին կախված է հաճախորդից։

  Պահպանելով մի քանի պարզ կանոններ և առաջնորդվելով բանկերի կողմից հրապարակվող անվտանգության ուղեցույցերով, դուք կխուսափեք հնարավոր զեղծարարություններից և չեք կրի ֆինանսական կորուստներ։

  Հորդորում ենք ոչ մի դեպքում երրորդ անձանց չտրամադրել Ձեր նույնականացման և բանկային տվյալները, մասնավորապես՝

  • Անձնագրի, նույնականացման քարտի և սոցիալական քարտի համարը,
  • Բանկային քարտի 16-նիշ համարը,
  • Բանկային քարտի CVV/CVC կոդը և PIN-կոդը,
  • SMS-ով ստացված նույնականացման կոդերը,
  • Մի քննարկեք և տրամադրեք Ձեր անձնական տվյալները նամակագրության հավելվածների միջոցով (Viber, WhatsApp, Messenger, Telegram և այլն)։

  Եթե որևէ բանկի անունից ստանում եք կասկածելի զանգ, էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն, որոնց միջոցով ձեզ առաջարկում են աննախադեպ արտոնյալ պայմաններով ֆինանսական ծառայություններ կամ պարզվում է, որ դուք դրամական շահում ունեք, ապա անհրաժեշտ է, որպեսզի դուք կապ հաստատեք ձեզ սպասարկող բանկի հետ՝ զանգի կամ հաղորդագրության իսկությունը ստուգելու համար։

  ՀԻՇԵՔ՝ բանկերը հաճախորդներից երբեք չեն պահանջում տրամադրել քարտի ամբողջական վավերապայմանները, մոբայլ բանկինգ հավելվածի գաղտնաբառը, ինչպես նաև իբրև անվտանգության նկատառումներով հաշվի գումարը մեկ այլ հաշիվ տեղափոխել:

  Առևտրային բանկերի պրոդուկտների, ծառայությունների, ինչպես նաև տարբեր ակցիաների վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը հասանելի է բանկերի պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։ Անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր է ստանալ նաև բանկերի զանգերի կենտրոններից։

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն