Union of Banks of Armenia
Մասնագիտական նոր փուլ՝ բանկային կրթության եվրոպական ստանդարտներով

Երկու ամիս տևած ինտենսիվ ուսուցում, հաջողությամբ հանձնված քննություններ, արդյունքում՝ «Բանկային գործ» որակավորման ծրագրի առաջին փուլի 16 շրջանավարտները ստացան իրենց որակավորման հավաստագրերը՝ հավատարմագրված EBTN-ի (European Banking & Financial Services Training Association) կողմից։
Շնորհավորելով ներկաներին՝ ՀԲՄ նախագահ Ազատյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրը ոչ միայն կրթական նախաձեռնություն է, այլև արդյունավետ հարթակ՝ մասնագիտական կապերի հաստատման, փորձի փոխանակման և ոլորտային տեսլականի ձևավորման համար։
«Ուրախ ենք տեսնել, որ մեր համատեղ ջանքերը այսօր արդեն արդյունքներ են տալիս։ Այս մասին վկայում են նաև Ձեզ հանձնված հավաստագրերը, որոնք հաստատում են, որ ծրագրի շրջանակներում ստացած Ձեր գիտելիքներն ու հմտությունները համապատասխանում են եվրոպական լավագույն մասնագիտական ստանդարտներին և բանկային ոլորտի պահանջներին։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ որպես ծրագրի դեսպաններ ու շրջանավարտներ՝ դուք առաջինն ընտրեցիք մեզ, վստահ լինելով, որ ծրագրի շնորհիվ ստացած գիտելիքները կնպաստեն թե Ձեր մասնագիտական առաջընթացին, և թե բանկային համակարգում Ձեր տեղը գտնելուն»,- նշել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։
Ներկաներին ողջունեց նաև ՀՀ ԿԲ խորհրդի անդամ, «Բանկային գործ» ծրագրի դասընթացավար Հասմիկ Ղահրամանյանը։
«Բանկային գործունեությունը միայնակ չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի դիտարկվում ավելի լայն տնտեսական համատեքստում՝ հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսական զարգացումները, այդ թվում՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները։ Առաջատար ֆինանսիստներն ու բանկային համակարգի մասնագետները այսօր ամբողջ աշխարհում հետևում են տնտեսության զարգացմանը՝ այն ընդունելով որպես իրենց գործունեության հիմք»,- նշել է Հասմիկ Ղահրամանյանը։
Ծրագրի մասնակից-շրջանավարտները փաստում են, որ պրոֆեսիոնալ դասախոսական կազմի շնորհիվ ձեռք բերված նոր գիտելիքներն ու հմտությունները զգալիորեն ամրապնդել են իրենց մասնագիտական ներուժը և կօգնեն առավել արդյունավետ իրականացնել իրենց գործունեությունը ֆինանսաբանկային համակարգում։
«Բանկային գործ» ծրագրի հաջորդ փուլը կմեկնարկի սեպտեմբեր ամսին, գրանցումը՝ օգոստոսից։ Մանրամասները նախապես հասանելի կլինեն ՀԲՄ պաշտոնական կայքում և մեր սոց․ հարթակներում։
Անկախ մասնագիտացումից ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի ավարտական կուրսերի ուսանողները, բակալավրի աստիճան ունեցողները, ինչպես նաև Ֆինանսաբանկային ոլորտի աշխատակիցները վերաորակավորման և մասնագիտական աճի նպատակով։







