Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով

06.09.2021
Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է մրցույթ՝  «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով

  Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ անցկացվող «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով մրցույթին մասնակցել ոչ միայն լրագրողական համայնքի գործընկերներին, այլ նաև վերլուծաբան-հետազոտողներին (վերլուծական-հետազոտական կենտրոններին) և գիտնականներին։

  Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը։

 

       ➢ Մասնակցության պայմաններ

  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2021թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաների վերաբերյալ հրապարակված վերլուծական նյութեր, գիտական հոդվածներ և լրագրողական նյութեր։
  • Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան

 

       ➢ Ընտրություն

        Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`

  • Լավագույն լրագրողական անդրադարձ
  • Լավագույն վերլուծություն
  • Լավագույն գիտական հոդված

 

       ➢ Մրցութային աշխատանքներին  ներկայացվող չափորոշիչներ

  • Լավագույն լրագրողական անդրադարձ

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։

 

  • Լավագույն վերլուծություն

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ առցանց հարթակում։

 

  • Լավագույն գիտական հոդված

Նախապատվությունը տրվելու է գիտական այն հրապարակմանը, որի արդյունքում ստեղծվել է գիտական նոր արդյունք։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ - Supreme Certifying Committee (bok.am)

Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2022թ. հունվար-փետրվարին։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:

            Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են 2021թ-ի ընթացքում իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը:

Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:

 

  • Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ pr@uba.am էլեկտրոնային հասցեով։

 

  Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն