Union of Banks of Armenia
Համագործակցության նոր հեռանկարներ․ ՀԲՄ-ն և ՀՌՀ-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Փաստաթուղթը, որը թույլ կտա իրականացնել կրթական և հետազոտական լուրջ նախաձեռնություններ, ստորագրել են ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է կադրերի որակավորման բարձրացման խնդրին, ֆինանսական գրագիտության և ֆինանսաբանկային ոլորտի հիմնահարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը։
«Բացի կրթական բաղադրիչից մեր նպատակն է ակտիվացնել և խթանել գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Այս տեսանկյունից կարևորում ենք օբյեկտիվ և անաչառ հետազոտությունների անցկացումը և դրանց արդյունքները հանրության մատչելի ձևով ներկայացնելը, ինչը կարծում ենք հնարավոր կդառնա համալսարանի հետ համագործակցության շնորհիվ։ Ակնկալում ենք նաև, որ համատեղ կփորձենք բացահայտել գիտական և վերլուծական հստակ թեմաների պահանջարկը և դրանց ուսումնասիրման անհրաժեշտությունը»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
ՀՌՀ Ռեկտոր Արմեն Դարբինյանի փոխանցմամբ՝ ներկայացված բոլոր առաջարկները, անշուշտ, հետաքրքիր են ՀՌՀ-ի համար, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է ստանալ ցանկալի արդյունք։
Իր հերթին, ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանն ընդգծել է, որ ամբողջ թիմը պատրաստ է համագործակցությանը:
Հուշագրի համաձայն՝ կողմերը կկազմակերպեն և կիրականացնեն նաև համատեղ բաց դասեր, սեմինարներ, մասնագիտական քննարկումներ, հետազոտական նախագծեր, ինչպես նաեւ հրատարակել ուսումնամեթոդական նյութեր։